10 նոյեմբերի 2015 - 11:56 AMT
ԿԽՄԿ-ն բանակցում է սահմանը հատած ՀՀ քաղաքացուն տեսակցելու համար. Առաջընթաց չկա

Կարմիր Խաչի միջազգային կոմիտեն Ադրբեջանի իշխանությունների կողմից հաստատում է ստացել, որ հայ-ադրբեջանական սահմանը անցել է Հայաստանի քաղաքացի: Այդ մասին տեղեկացրել է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) հայաստանյան մասնաճյուղի մամուլի հետ կապերի պատասխանատու Զառա Ամատունին:

Նեյեմբերի 9-ին Ադրբեջանական պաշտպանության նախարարությունը հայտնել է Ղազախի և Նոյեմբերյանի սահմանին՝ առաջնագծում, ՀՀ քաղաքացու կողմից սահմանը հատելու դեպքի մասին: Քաղաքացին 1942 թվականին ծնված Լուսիկ Ղուկասի Աբովյանն է, ով սահմանն անցել է մոլորվելով:

«Համապատասխան միջոցառումներ ձեռնարկելուց հետո նա կփոխանցվի հայկական կողմին», - ասվում էր Ադրբեջանի ՊՆ-ի հաղորդագրությունում:

«Մենք արդեն 2 կողմից հաստատում ունենք, որ Հայաստանի քաղաքացին հատել է միջազգային սահմանը և հայտնվել Ադրբեջանում: Ստանալով երկողմանի հաստատումը, ԿԽՄԿ-ն, համաձայն իր գործելաոճի, աշխատում է այն ուղղությամբ, որպեսզի ստանա անհապաղ տեսակցության հնարավորություն քաղաքացու հետ», - ասել է Ամատունին, գրում է Panorama.am-ը:

Այս պահին, Ադրբեջանի իշխանությունների հետ բանակցություններում, նրա խոսքով, առաջընթաց չկա: Ամատունին վկայակոչելով ԿԽՄԿ մանդատը, հրաժարվել է հաղորդել, թե մասնավորապես ինչ հանգամանքներում է կինը հատել սահմանը և ինչպիսին է նրա առողջական վիճակը:

Կոթիի գյուղապետ Ֆելիքս Մելիքյանը հայտնել է, որ Լուսիկ Աբովյանը 4 երեխաների մայր է և արդեն թոռներ էլ ունի, ապրում են նորմալ սոցիալական պայմաններում: