21 նոյեմբերի 2006 - 16:17 AMT
Շվեդիայի ԱԳՆ. Կոսովոյի անկախության ճանաչումը մյուս հակամարտությունների համար նախադեպ չի դառնա
«Ես չեմ կարծում, որ կարելի է խոսել միջազգային հանրության կողմից Կոսովոյի անկախության ճանաչման մասին` որպես նախադեպ այլ հակամարտությունների համար»,- հայտարարել է Շվեդիայի արտգործնախարար Կարլ Բիլդտը: Նրա խոսքերով, այդպիսի հարցերին պետք է զգույշ վերաբերվել: «Բալկանների իրավիճակը զգուշություն է պահանջում: Այս տարածաշրջանների հետ գործ ունեցող յուրաքանչյուր ոք պետք է հիշի դիրքորոշումների միջեւ առկա հսկայական տարբերության մասին: Եւ այլ պետությունների ու ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի հետ համատեղ անհրաժշետ է աշխատել մաքսիմալ մոտեցնել այդ տարբեր դիրքորոշումները»,- նշել է նա:

Խոսելով այսպես կոչված «սառեցված» հակամարտությունների մասին` Շվեդիայի ԱԳՆ ղեկավարը նկատել է, որ «պետությունների տարածքային ամբողջականությունը շատ կարեւոր է, սակայն, միեւնույն ժամանակ, հարցերը պետք է կարգավորվեն բանակցությունների, երկխոսության միջոցով»: «Եւ Աբխազիայում, եւ Հարավային Օսիայում, ինչպես նաեւ Լեռնային Ղարաբաղում եւ Մերձդնեստրում առկա ավելի բարդ հակամարտություններում բռնության աճը չի աջակցի որեւէ մեկի շահերին, Կովկասն առանց այն էլ շատ բարդ տարածաշրջան է: Այնպես որ, ես կարծում եմ Ռուսաստանի շահերից էլ է բխում այս հարցին մոտենալ չափազանց զգուշավորությամբ եւ միջազգային սկզբունքների հարգանքով»,- ընդգծել է Կարլ Բիլդտը, հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը: