11 նոյեմբերի 2015 - 13:47 AMT
Պուտինը կարգադրել է ստորագրել ՀՀ հետ ՀՕՊ միացյալ համակարգի վերաբերյալ համաձայնագիրը

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը կարգադրել է ստորագրել Հայաստանի հետ կովկասյան տարածաշրջանում ՀՕՊ Միացյալ տարածաշրջանային համակարգի ստեղծման մասին համաձայնագիրը: «Ընդունել Ռուսաստանի Դաշնության կառավարության առաջարկը ՌԴ և ՀՀ միջև կովկասյան տարածաշրջանում Հակաօդային պաշտպանության (ՀՕՊ) Միացյալ տարածաշրջանային համակարգի ստեղծման մասին համաձայնագիրը ստորագրելու վերաբերյալ առաջարկը»,-ասվում է փաստաթղթում:

ՌԴ պաշտպանության նախարարությանը հանձնարարվել է ՌԴ ԱԳՆ մասնակցությամբ բանակցել հայկական կողմի հետ և Ռուսաստանի անունից ստորագրել համաձայնագիրը, հայտնում է ՌԻԱ Նովոստին:

Հավաքական անվտանգության կովկասյան տարածաշրջանում նախատեսվում է ստեղծել Հակաօդային պաշտպանության միացյալ տարածաշրջանային համակարգ: Համաձայանգրի նախագիծն արդեն անցել է ներպետական համաձայնեցման փուլը:

Տարածաշրջանային ՀՕՊ համակարգերի ստեղծման նպատակը պահպանության տեղամասում համատեղ հակաօդային պաշտպանություն ապահովելն է:

Կովկասում, Բելառուսում և Կենտրոնական Ասիայում տարածաշրջանային ՀՕՊ համակարգեր ստեղծելուց հետո նախատեսվում է դրանց միջև կատարել ինֆորմացիա փոխանակում և մարտական հերթապահություն կազմակերպել ԱՊՀ միացյալ ՀՕՊ համակարգում, որը գործում է դեռևս 1995 թվականից, և հենց այս համակարգի կազմում է

Հայաստանում տեղակայված ՌԴ ԶՈւ 102-րդ ռազմաբազայի ավիացիոն խումբը (Երևանի «Էրեբունի» օդանավակայան): Մասնավորապես նաև տարածաշրջանային ՀՕՊ համակարգերի ստեղծման շրջանակներում է, որ Ռուսաստանը Բելառուսին և Ղազախստանին անվճար փոխանցել է Ս-300 զենիթահրթիռային համակարգեր, հայտնել էր razm.info-ն:

ՌԴ կառավարությունը հոկտեմբերի 22-ի նիստում հավանություն է տվել Հավաքական անվտանգության կովկասյան տարածաշրջանում Հայաստանի հետ միացյալ Հակաօդայինա պաշտպանության (ՀՕՊ) տարածաշրջանային համակարգի ստեղծման մասին համաձայնագրի ստորագրման առաջարկը, ներկայացնելով այն ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ստորագրմանը:

Ավելի վաղ ՌԴ Օդատիեզերական ուժերի գլխավոր հրամանատարի տեղակալ, գեներալ-լեյտենանտ Պավել Կուրաչենկոն հայտնել էր, որ Ռուսաստանն այժմ աշխատում է ՀՕՊ միացյալ համակարգերի ստեղծման վրա նաև Ղրղզստանի և Տաջիկստանի հետ: Ղազախստանի հետ նմանատաիպ համաձայնագիրը ստորագրվել է 2013-ին: