22 նոյեմբերի 2006 - 13:02 AMT
ԵԱՀԿ ՄԽ. Երեւանը համաձայնվել է Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների հանդիպման անցկացմանը Մինսկում
ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուսաստանյան համանախագահ Յուրի Մերզլյակովն այսօր Երեւանում ասել է, որ միջնորդների հանդիպումները ՀՀ նախագահի եւ ԱԳ նախարարի հետ «արդյունավետ» են եղել: Բաքու մեկնելուց առաջ «Զվարթնոց» օդանավակայանում պատասխանելով լրագրողների հարցերին, Յուրի Մերզլյակովը հայտնել է, որ «հայկական կողմը համաձայնություն է տվել նոյեմբերի 28-ին Մինսկում կայանալիք ԱՊՀ գագաթնաժողովի շրջանակներում Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպման համար»: Ըստ ռուսաստանցի համանախագահի, «մենք պետք է հաստատում ստանանք նաեւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւից, չնայած ավելի վաղ Ադրբեջանի ԱԳ նախարարը համապատասխան հայտարարություն էր արել այդ հարցի վերաբերյալ»: Յուրի Մերզլյակովն ասել է, որ պատվիրակության կազմում ամերիկացի համանախագահ Մեթյու Բրայզայի բացակայությունը պայմանավորված է նրանով, որ «համանախագահները պայմանավորվել են բաժանել պարտականությունները, եւ առաջիկա օրերին մեր ամերիկացի գործընկերը պետք է հանդիպի ԱՄՆ-ում գտնվող Լեռնային Ղարաբաղի ղեկավար Արկադի Ղուկասյանի հետ»: «Ընդհանուր առմամբ, տարին ավարտվում է բավականին դրական նոտայի վրա, եւ եթե մենք կարողանանք պահպանել կողմերի այդ տրամադրվածությունը, ապա 2007 թվական կմտնենք բավականին լավ հեռանկարներով: Չնայած նրան, որ ընտրությունները ընդհանուր առմամբ որոշակի զսպող ազդեցություն են ունենում բանակցային ընթացքի վրա, մենք կարծում ենք, որ այն աշխատանքները, որոնք արվել են այս տարի, թույլ կտան ավելի հեշտ անցնել նախընտրական շրջանը»,- հայտարարել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուսաստանցի համանախագահը: