12 նոյեմբերի 2015 - 10:52 AMT
Ցեղասպանությանը նվիրված համալսարանական համաժողով՝ ԱՄՆ-ում

Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի ոգեկոչման շրջանակում համալսարանական համաժողով է անցկացվել ԱՄՆ Իլինոյս նահանգի Հյուսիսարևմտյան համալսարանում ` «Ժխտումն ու հիշողությունը» խորագրով:

Համաժողովին մասնակցել են հայտնի համալսարանների պրոֆեսորներ. Նրանք դատապարտել են մարդկության դեմ կատարված հանցագործության ժխտողականությունը, Prensa centro armenio-ին հղումով գրում է Tert.am-ը:

Ելույթ է ունեցել թուրք պրոֆեսոր Իփեք Յոսմաօղլուն` ընդգծելով, որ «բռնության ժխտողականություն էլ ավելի լուրջ է: Ամենաահավորը հիշողությունը ջնջելն է»:

Ելույթ է ունեցել նաև Լաֆայետի (Ֆլորիդա) համալսարանի պրոֆեսոր Ռեյչլ Կոշկարյանը, ով խոսել է հայոց պատմական հուշարձանների մասին, որոնցից հարյուրավորներն անհետացել և ավերվել են 20-րդ դարում` որպես Հայոց ցեղասպանության հետևանք:

ԱՄՆ նահանգների մեծ մասը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը:

Որպես սենատոր և նախագահի թեկնածու` Բարաք Օբաման ցեղասպանության ճանաչման ջատագովն էր, խոստացել էր, որ նախագահ ընտրվելու դեպքում կճանաչի ցեղասպանությունը և նույնիսկ ասել էր, որ ԱՄՆ-ն «արժանի է այնպիսի առաջնորդի, ով ճշմարտությունը կասի Հայոց ցեղասպանության մասին»: Նախագահ ընտրվելուց հետո նա դրժեց իր խոստումը, որի համար քննադատության ենթարկվեց համայն հայության ու մասնավորապես ԱՄՆ հայ համայնքի կողմից: Իր նախագահության ընթացքում նա ամեն տարի ապրիլի 24-ին հանդես է գալիս ուղերձով և ամեն անգամ դիվանագիտորեն շրջանցում է ցեղասպանություն եզրույթը՝ սահմանափակվելով հայերեն Մեծ եղեռն արտահայտությամբ:

Ավելին՝ 2013-ի մայիսին Օբամայի վարչակազմը դիմել էր գերագուն դատարան՝ խնդրելով չքննել 9-րդ շրջանի բողոքարկիչ դատարանի Կալիֆորնիայի օրենքում կատարված փոփոխությունները չեղյալ հայտարարելու մասին 2012-ի որոշումը, որով նախատեսվում էր երկարացնել հայցերի ներկայացման ժամկետը Ցեղասպանության տարիներին կյանքի ապահովագրության փոխհատուցումների վճարումների վերաբերյալ: