22 նոյեմբերի 2006 - 14:00 AMT
Հայոց ցեղասպանությունն «օգնեց» Թուրքիային պետություն դառնալ
Թուրքիան պետություն դարձավ հենց Հայոց ցեղասպանության հետեւանքով, ուստի եւ ցեղասպանության ճանաչման դեպքում այն կարող է դադարել գոյություն ունենալ: Այդ մասին Երեւանում հայտարարել է «Հայ դատի» գրասենյակի ղեկավար Կիրո Մանոյանը: Նրա խոսքերով, «մաքրելով» հայերից Անատոլիան, թուրքերը կարողացան պետություն ստեղծել եւ այժմ ամբողջ ուժով ցանկանում են հաստատվել: «Հենց այդ պատճառով է, որ Թուրքիան չի ճանաչում Հայոց ցեղասպանությունը եւ հենց դրանից է վախենում, այլ ոչ թե հայկական կողմի բարոյական եւ նյութական հատուցման վերաբերյալ պահանջներից»,-նշել է նա: Մանոյանը նկատել է նաեւ, որ Թուրքիայի ԱԳՆ վերջին առաջարկը միջազգային դատարան դիմելու վերաբերյալ, որը կհաստատի իր տեսակետը 1915 թվականի իրադարձությունների մասին, ոչ մի բանի չի հանգեցնի: «Սակայն Թուրքիան պատրաստվում է դիմել ոչ թե Միջազգային տրիբունալ, այլ Միջազգային իրավական դատարան, որտեղ տրվում է անցյալի պատմական գնահատականը: Այդպիսով, թուրքական ԱԳՆ-ն ցանկանում է Հայոց ցեղասպանության հարցը հանգեցնել լոկ պատմական գնահատականի»,-ընդգծել է «Հայ դատի» ղեկավարը: Միեւնույն ժամանակ նա նկատել է, որ ոչ բոլոր թուրք դիվանագետներն են կիսում ԱԳՆ ղեկավար Աբդուլլահ Գյուլի տեսակետը: «Թուրքիայի դեսպանները եվրոպական երկրներում զսպվածության կոչ են անում, այն դեպքում, երբ պաշտոնաթող դիվանագետները, մասնավորապես, նրանք, ովքեր սատարում են Գյունդուզ Ակթանին, ավելի կոշտ են տրամադրված եւ կոչ են անում դիմել ոչ թե իրավաբանական դատարան, այլ Միջազգային տրիբունալ»,-ասել է Կիրո Մանոյանը: