13 նոյեմբերի 2015 - 11:10 AMT
Տուսկ. Միգրացիոն ճգնաժամը սպառնում է Շենգենին

Եվրամիությունը պետք է ավելի հետևողական լինի միգրացիոն քաղաքականության սկզբունքները կյանքի կոչելու, արտաքին սահմանների հսկողությունը վերականգնելու հարցում, հակառակ դեպքում կվտանգվի Շենգենի համաձայնությունը: Այսպիսի հայտարարություն է արել Եվրախորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը :

Հայտարարությունն արվել է Վալետայում ԵՄ երկրների ղեկավարների ոչ պաշտոնական հանդիպման ավարտին տեղի ունեցած մամուլի ասուլիսում: «Անկասկած, հարցականի տակ է Շենգենի համաձայնագիրը, ժամանակն անցնում է»,-ասել է Տուսկը, հայտնում է interfax.ru-ն:

Միգրացիոն ճգնաժամը Եվրոպայում ամենամեծն է Երկրորդ համաշխարհայինի տարիներից հետո: Լյուքսեմբուրգի ԱԳՆ ղեկավար Ժան Ասելբորնը վախենում է Եվրամիության փլուզումից և սահմանային վերահսկողության վերականգնումից Եվրոպայի երկրների միջև միգրացիոն ճգնաժամի ֆոնին: Ըստ նրա, սպառնալիք կա նաև Շենգենի գոտու համար, որին անդամակցում է 26 երկիր: «Հնարավոր է, մենք ընդամենը մի քանի ամսվա ժամանակ ունենք»,-հավելել է նա:

«Ամեն շաբաթ Եվրոպայում որոշումներ են կայացվում, որոնք վկայում են իրավիճակի լրջության մասին: Սահմանային վերահսկողության վերականգնումը կամ տեխնիկական արգելքների տեղակայումը սահմաններին վկայում են, որ անհրաժեշտ է վերականգնել արտաքին սահմանների հսկողությունը»,-հավելել է նա:

Եվրախորհրդի ղեկավարը նշել է, որ ապաստան հայցողները պետք է գրանցվեն ըստ ԵՄ կանոնների, հակառակ դեպքում ապաստան չեն ստանա:

«ԵՄ սահմաննների անվտանգության ապահովումը պահանջում է, որ մեր օրենքները կատարվեն: ԵՄ-ն կկատարի իր բոլոր միջազգային պարտավորությունները մարդու ապաստանի իրավունքի մասով, սակայն պետք է պարզ լինի, որ առանց գրանցման այդ իրավունքը չի տրամադրվի: Եթե ներգաղթյալը չի համագործակցում իշխանությունների հետ, ապա պետք է պատախան տա հետևանքների համար»,-ասել է Տուսկը:

«Պարզ է նաև, որ ապաստան հայցողներն իրենք չեն կարող որոշել, թե ԵՄ որ երկրում են այն ստանալու»,-հավելել է նա:

ԵԽ ղեկավարը լավ նորություն է համարել Սլովակիայի, Չեխիայի և Հունգարիայի հայտարարությունները ԵՄ սահմանապահ ծառայությունների հզորացման նպատակով 225 ծառայող գործուղելու մասին:

Ըստ եվրոպական օրենսդրության ԵՄ անդամ պետություններն իրավունք ունեն ժամանակավորապես վերականգնել հսկողությունը սահմաններին Շենգենի գոտու տարածքում: Որպես կանոն նման միջոցներ են ձեռնարկվում խոշոր քաղաքական, սպորտային իրադարձությունների ժամանակ, երբ ակնկալվում է երրորդ երկրներից այցելուների ներհոսք, որոնք կարող են կապ ունենանլ ծայրահեղական և ահաբեկչական խմբերի հետ»:

Մինչդեռ Ֆրանսիան մինչև դեկտեմբերի 13-ը կասեցնում է Շենգենի գոտու մուտքի արտոնագրերի գործողությունն իր տարածքում: Որոշումն ուժի մեջ է մտնում նոյեմբերի 13-ին: Ներքին գործերի նախարար Բերնար Կազնյովը պարզաբանել է լրագրողներին, որ այս միջոցը կապված է Փարիզում կայանալիք Կլիմայի փոփոխությունների միջազգային կոնֆերանսի անցկացման հետ:

Ըստ նոյեմբերի 4-ին հրապարակված Եվրահանձնաժողովի զեկույցի, մինչև 2016-ի ավարտը ԵՄ-ում փախստականների թվաքանակը կհասնի 3 միլիոնի: Նշվում է, որ տարեսկզբից Եվրոպա է ժամանել 700.000 մարդ: «Մենք պետք է նախապատրաստվենք նրան, որ մինչ գալիք տարվա փետրվարը ամեն օր մոտ 5 հազար մարդ է ժամանելու: Վերջին ամիսներին, ինչպես տեսնում ենք, եղանակային պայմանների վատթարացման հետ մեկտեղ ավելացել են ողբերգական դեպքերը: եթե մենք չսկսենք գործել անհապաղ, զոհերի քանակը կաճի»,-հայտարարել է ՄԱԿ գերագույն հանձնակատարի Փախստականների գծով վարչության ներկայացուցիչ Ուիլյամ Սփինդլերը: