13 նոյեմբերի 2015 - 12:37 AMT
Սիրիայի պատերազմում մոտ 300 հուշարձան է ոչնչացվել

Սիրիայում քաղաքացիական պատերազմի ընթացքում մոտ 300 հնագիտական հուշարձան է ոչնչացվել: Այս մասին հայտնել է երկրի հնությունների և թանգարանների վարչության գլխավոր տնօրեն Մաամուն Աբդուլքարիմը:

«Ավելի քան 10.000 հուշարձանից, որոնք գտնվում են Սիրիայում, 300-ը վնասվել են 4 տեսակի ավերածության պատճառով»,- հայտնել է պաշտոնյան, Ռիա Նովոստիին հղումով գրում է Tert.am-ը:

Նրա խոսքով` մշակութային օբյեկտների կործանումը հետևանքն է գրոհայինների և կառավարական զորքերի միջև բախումների, ինչպես նաև անօրինական պեղումների։

Աբդուլքարիմը նշել է, որ 2012-ի ամռան վերջին, երբ բռնությունը դարձել է համատարած, իրենք փակել են Սիրիայի բոլոր թանգարանները և սկսել նմուշները տեղափոխել ապահով և հսկվող վայրեր։

Ահաբեկիչները իրենց ճանապարհին ոչընչոցնում են նաև քրիստոնեական հնագույն հուշարձանները: Պատմական քաղաքներ, հուշարձաներ ու կառույցներ, այդ թվում հայկական, որոնք հայտնվել են իսլամիստների հետ ռազմական գործողությունների կենտրոնում, թալանվել, հրկիզվել, ավերվել են: Սիրիայում կառավարական զորքի ջանքերին հակառակ ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում ներառված հնագույն Պալմիրա քաղաքը գրեթե ամբողջությամբ վերահսկվում է «Իսլամական պետություն» խմբավորման կողմից: Շարժական հարյուրավոր հուշարձաններ տեղափոխվել են ապահով վայրեր, սակայն խմբավորման զինյալները շարունակում են ոչնչացնել քաղաքի պատմական ժառանգությունը:

Մարտի 11-ին իսլամիստները Մոսուլում պայթեցրել են Սուրբ Գևորգ քրիստոնեական եկեղեցին։ 2014-ի սեպտեմբերի 21-ին ծայրահեղականներն ականապատել և պայթեցրել ենԴեյր էզ Զորի Սրբոց Նահատակաց հայկական եկեղեցին: 2013-ին Սիրիայի հյուսիս-արևելքում՝ Ռաքքայի Թել Աբիդադ քաղաքում, իսլամիստները հրկիզել են հայկական Սուրբ Խաչ եկեղեցին, որտեղ ապաստան էին գտել արաբ ընտանիքներ: Թալ Աբրիադ սիրիական քաղաքի հայկական եկեղեցին վերածվել է բանտի:

Սիրիական ժառանգությանն ամենամեծ վնասներից մեկը պատմաբանները համարում են 715-ին կառուցված և 2013-ի ապրիլին ամբողջությամբ գետնին հավասարեցված Հալեպի Մեծ մզկիթը: Ալեքսանդր Մեծից մինչև հռոմեական, մոնղոլական և օսմանյան իշխանությունները հասած Հալեպի միջնաբերդի որոշ հատվածներ օգտագործվում էին որպես ռազմաբազա. ոչնչացվել են 2012-ի օգոստոսին: Ապրիլի սկզբին տեղեկություն տարածվեց, որ իսլամիստներն ավերակների են վերածել հնագույն պարթևական Հաթրա քաղաքը՝ ժամանակակից Իրաքի հյուսիսում:

Մարտի սկզբին ԻՊ զինյալները հողին են հավասարեցրել ավելի քան 3 հազար տարվա պատմություն ունեցող ասորականՆեմրութ քաղաքի ավերակները: Փետրվարի 23-ին հայտնի դարձավ, որ ԻՊ գրոհայինները պայթեցրել են Մոսուլի կենտրոնական գրադարանը՝ ոչնչացնելով 10 հազար գիրք: Գրադարանի բակում իսլամիստները խարույկ են վառել գրքերից ու ձեռագրերից: