13 նոյեմբերի 2015 - 12:25 AMT
Թուրքական Սիլվանի բնակիչները բախումների պատճառով հեռանում են քաղաքից

Թուրքիայի հարավ-արևելքում գտնվող Դիարբեքիր գավառի Սիլվան քաղաքի հազարավոր բնակիչներ ստիպված են լքել իրենց տները վերջին օրերին զինվորականների և անվտանգության ուժերի բախումների պատճառով ՔԱԿ գրոհայինների հետ:

Քաղաքում արդեն 10 օր է հակաահաբեկչական գործողություն է ընթանում և պարետային ժամ է հայտարարված:

Սիլվանում դեռևս ինքնությունները չպարզված անձինք հոկտեմբերի 1-ին զինված հարձակում են գործել թուրքական բանակի երկու զինծառայողի (1 ենթասպա, 1 սերժանտ) վրա, որի հետևանքով վերջիններս սպանվել են:

«Ինչպես հայտարարել են նախագահն ու վարչապետը, պայքարն ահաբեկչական կազմակերպության դեմ շարունակվելու է այնքան ժամանակ, քանի դեռ Սիլվանի 3 թաղամասերում ահաբեկչական կազմակերպության անդամներ կան»,-հայտարարել է Թուրքիայի ներքին գործերի նախարար Սելամի Ալթինոկը, հայտնում է ՌԻԱ Նովոստին:

«Ուժայինները փորձում են քանդել բարիկադներն ու լցնել փորված հորերըր, որոնց միջոցով ՔԱԿ անդամները թույլ չեն տալիս զինվորականներին քաղաք մտնել: Կրակոցներ են լսվում: Ըստ արհեստավորների տեղական ասոցիացիայի ղեկավար Մուհիդդին Քանի, մոտ 10 հազար բնակիչ հեռացել է քաղաքից, նրանց տները վնասվել են բախումների հետևանքով:

«Այստեղ պատերազմական իրավիճակ է: գործողությանը մասնակցում են զրահամեքենաներ և ուղղաթիռներ: …Ասում են, որ բախումների հետևանքով կան սպանվածներ ու վիրավորենր»,-հայտարարել է քրդամետ Ժողովրդների դեմոկրատական կուսակցությունից թուրքական խորհրդարանի անդամ Իդրիս Բալուկենը:

Ըստ տեղական իշխանությունների, նոյեմբերի 12-ին սպանվել է 1 զինվոր և 1 ոստիկան, 4 զինվոր և 1 ոստիկան վիրավորվել է: Սպանվել է ՔԱԿ 5 զինյալ:

Նոյեմբերի 11-ին գործողությունների ընթացքում տեղի ունեցող բախումներում սպանվել է մեկ ոստիկան ու ևս 6 քաղաքացի. չի հստակեցվում վերջինների` խաղաղ բնակիչ լինել կամ չլինելու հանգամանքը, Milliyet թերթի կայքին հղումով գրել էր Ermenihaber.am-ը:

ՔԱԿ և Թուրքիայի միջև հարաբերությունները կտրուկ սրվեցին Սուրուչ քաղաքում հուլիսի 20-ի ահաբեկչությունից հետո, երբ 32 մարդ զոհվեց, հիմնականում քրդեր: ՔԱԿ զինյալները մեղադրեցին Թուրքիայի իշխանություններին իսլամիստներին աջակցելու մեջ: ՔԱԿ-ը հայտարարեց զինված պայքարի վերսկսման մասին, քանի որ թուրք իրավապահները խախտել են հրադադարի մասին պայմանավորվածությունը: ՔԱԿ գրոհայինները գրեթե ամեն օր հարձակումներ են գործում տարբեր օբյեկտների վրա Թուրքիայում:

ՔԱԿ-ն անկախության համար պայքար է մղում ժամանակակից Թուրքիայի արևելքում 80-ականներից ի վեր: Պատերազմի ընթացքում ավելի քան 40 հազար մարդ է զոհվել, թուրքական տնտեսությանը 1984 թ. ի վեր հասցված վնասը գնահատվում է 1 տրլն դոլար: