
Իսպանական առաջատար El Pais պարբերականը հրապարակել է իսպանացի փիլիսոփա, լրագրող Մատե Ռեյեսի հոդվածը ցեղասպանության հասկացության մասին, որում հեղինակը անդրադարձ է կատարում նաև Հայոց ցեղասպանությանն ու դրա առնչությանը Ռաֆայել Լեմկինի ստեղծած եզրույթի հետ:
«Ռազմական հանցագործությունը, մարդկության դեմ կատարված հանցագործությունը և ցեղասպանությունը երեք իրավական հասկացություններ են, որոնք փոխարինաբար օգտագործում ենք խոշորագույն հանցագործությունները որակավորելու համար, ինչպես օրինակ` Աուշվիցի (Օսվենցիմի) համակենտրոնացման ճամբարի տեղի ունեցածի դեպքում: Նյուրնբերգի դատարանը նացիստական առաջնորդներին դատապարտեց պատերազմական հանցագործության համար և ոչ թե՝ ցեղասպանություն իրագործելու», - մասնավորապես գրված է հոդվածում:
Ըստ Ռեյեսի՝ դատավորներին շփոթության մեջ է գցում «ցեղասպանություն» եզրույթը, որը շրջանառության մեջ էր դրել իրավաբան Ռաֆայել Լեմկինը: Նա իր աչքով էր տեսել նացիստական գործողությունները եվրոպաբնակ հրեաների նկատմամբ, որոնք բնավ էլ բնորոշ չէին ռազմական հանցագործության, քանի որ անզեն մարդկանց դեմ էին ուղղված և հստակ նպատակ ունեին՝ բնաջնջելու մի ամբողջ ժողովրդի:
«Այդ ամենը հիշեցնում էր նրան հայերի կոտորածները Օսմանյան Թուրքիայում, և Լեմկինը չէր ցանկանում, որ նացիստական հանցագործությունը նույն ճակատագրին արժանանա` հստակ հիշելով Հիտլերի խոսքը. «Ո՞վ է այսօր հիշում հայերի բնաջնջումը»: Ամենը մոռացության էր մատնվել», - գրում է հոդվածի հեղինակը, մեջբերում է Armeniangenocide100.org-ը:
Նրա խոսքով՝ Լեմկինի հեռահար նպատակն էր միջազգային եզրույթ ստեղծել, որը կբնութագրեր այնպիսի հանցագործությունները, ինչպիսիք իրագործել էին գերմանացիներն ու թուրքերը:
Ռաֆայել Լեմկինը հրեական ծագում ունեցող լեհիրավագետ է: Էական ներդրում է ունեցել Ցեղասպանության հանցագործությունը կանխելու և դրա համար պատժի մասին կոնվենցիայի ընդունման գործում, ներկայացրել է կոնվենցիայի համաձայնագրի նախնական բանաձևը:
Լեմկինը «ցեղասպանություն» եզրը մտածել է Լվովի համալսարանում ուսանելու տարիներին, նա բնորոշել է ցեղասպանությունն իր «Axis Rule in Occupied Europe» գործում։
Թեև թյուր կարծիք կա, թե Լեմկինը ցեղասպանություն եզրը մտածել է հոլոքոստը բնութագրելու համար, բայց նրա նպատակն էր բնութագրել հնագույն ռազմական մարտավարությունը, որը վերակենդանացրել էին նացիստները. 1944-ին, երբ Լեմկինը ստեղծեց «ցեղասպանություն» եզրը, նա ընդունեց 1915-ի հայերի ոչնչացումը՝ որպես դրա հիմնարար օրինակ: