Ֆրանսիայի վարչապետը ծայրահեղականների նոր հարձակումներ է կանխատեսում Եվրոպայի այլ երկրներում

Ֆրանսիայի վարչապետը ծայրահեղականների նոր հարձակումներ է կանխատեսում Եվրոպայի այլ երկրներում

PanARMENIAN.Net - Փարիզյան ահաբեկչությունները նախապես էին ծրագրված, պետք է սպասել ծայրահեղականների նոր հարձակումների Եվրոպայի մյուս երկրներում: Այդ մասին հայտարարել է Ֆրանսիայի վարչապետ Մանուել Վալսը RTL-ի եթերում: Նա ասել է, որ «Ֆրանսիայի հետախուզական ծառայությունները կանխել են մի քանի գրոհ ամռան սկզբից ի վեր» և որ «ոստիկանությունը տեղյակ է, որ Ֆրանսիայում և Եվրոպայի մյուս երկրներում նոր գրոհներ են նախապատրաստվում»:

«Մենք օգտագործում ենք արտակարգ դրության իրավական շրջանակները, որպեսզի հնարավորություն ունենանք հարցաքննելու մարդկանց, որոնք մասնակցում են ծայրահեղական իսլամիստական շարժումներին և բոլոր նրանց, ովքել ատելություն են սերմանում Ֆրանսիայի Հանրապետության դեմ»,-ասել է վարչապետը: Նա հաստատել է, որ անցած գիշեր հակաահաբեկչական ստուգումներ են անցկացվել ամբողջ երկրի տարածքում:

Բացի այդ, Ֆրանսիայի վարչապետը հայտնել է, որ ահաբեկչության սպառնալիքը երկրում պահպանվում է. «Ահաբեկչությունը հարված է հասցրել և կրկին կարող է հարվածել առաջիկա օրերին, առաջիկա շաբաթներին: Ես սա չեմ ասում վախեցնելու համար, այլ որպեսզի ֆրանսիացիները գիտակցեն դա»,-հայտարարել է նա: «Մենք դեռ երկար ենք ապրելու այս ահաբեկչության սպառնալիքի ուղեկցությամբ»,-հայտարարել է Ֆրանսիայի կառավարության ղեկավարը, հայտնում է NEWSru.com-ը:

Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզում նոյեմբերի 13-ի երեկոյան 7 ահաբեկչական հարձակում է իրականացվել։ Ըստ վերջին տվյալների, «Բատակլան» թատրոնում, «Ստադ դե Ֆրանս» ստադիոնի մոտակայքում ու Փարիզի ևս 5 այլ կետում միաժամանակյա հարձակումների ընթացքում զոհվել է 129 մարդ, վիրավորվել 200-ից ավելին։ Ֆրանսիայի նախագահի հրամանով երկրում ատրակարգ դրություն է հայտարարված: Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը հայտարարել է, որ Փարիզում ահաբեկչությունների համար պատասխանատու է «Իսլամական պետությունը», հայտնել է Reuters-ը: ԻՊ-ն իր հերթին նոր ահաբեկչություններով է սպառնում Ֆրանսիային:

Ավելի վաղ Իրաքի ԱԳՆ ղեկավար Իբրահիմ ալ Ջաֆարին հայտարարել էր, որ «Իսլամական պետություն» խմբավորումը ահաբեկչական գործողություններ է ծրագրել մի շարք երկրներում, այդ թվում ՄՄՆ-ում, Ֆրանսիայում և Իրանում:

«Ռազմական հետախուզության աղբյուրները տեղեկություններ են ստացել, որ «Իսլամական պետության» կողմնակիցներն ահաբեկչական գործողություններ են պլանավորել մի շարք երկրներում, այդ թվում ԱՄՆ-ում, Ֆրանսիայում և Իրանում: «Իրաքի հետախուզության աղբյուրները տեղեկություններ են ստացել այն մասին, որ մի շարք երկրներում, այդ թվում ԱՄՆ-ում, Ֆրանսիայում և Իրանում ահաբեկչական գործողություններ են պատրաստվում, նրանք բոլորը զգուշացվել են»,-ասել է վարչապետը: Նա նշել է նաև, որ ԻՊ-ն սպառնալիք է բոլոր երկրների համար և Իրաքը զգուշացրել էր, որ այն կարող է տարածել իր գործողությունները նաև այլ պետությունների վրա: «Այն, ինչ կատարվեց Եգիպտոսում, Իրաքում, Լիբանանում ու Ֆրանսիայում, հաստատում է այն փաստը, որ ԻՊ-ն համաշխարհային սպառնալիք է»,-ասել է նա:

Մինչդեռ, ըստ BFMTV հեռուստաալիքի, բացահայտվել է Փարիզում թատրոնի գրոհի 4-րդ մահապարտ ահաբեկչի ինքնությունը:

Ըստ հեռուստաալիքի, ահաբեկչի անունն է Սամի, նրա ընտանիքը բնակվում է Փարիզի Սեն Սեն Դենի դեպարտամենտի Բոբինյի քաղաքում` Փարիզի արվարձանում:

Ավելի վաղ պարզվել էր նաև ահաբեկչական գործողության անմիջական մասնակից 3 ահաբեկչի ինքնությունը: Մահապարտներից մեկը, որը գործի էր դրել պայթուցիը «Ստադ դե Ֆրանս» ստադիոնի մոտ, Ֆրանսիայի 20-ամյա քաղաքացի Բիլյալ Հադֆին է: Մյուսը` 31-ամյա Իբրահիմ Աբդեսալոմը գործի է դրել «մահապարտի բաճկոնը» Փարիզի Վոլրտերի փողոցում: Իսկ Իսմաիլ Օմար Մոստեֆան, որի ինքնությունը հաստատվել է մատնահետքով, առնվազն 3-հոգանոց ահաբեկչական խմբի անդամ էր, որոնք ներխուժել էին «Բատակլան» համերգասրահ և սպանել էին 90 մարդու: Շենքի գրոհի ժամանակ նա պայթեցրել է ինքն իրեն, հայտնում է ՌԻԱ Նովոստին:

Բացի այդ, ավելի վաղ Figaro-ն հայտնել էր ևս մեկ հանցագործի անունը` Աբդուլբակ Բ. Մանրամասներ նրա մասին դեռևս չեն հաղորդվում: Ասվել էր նաև, որ Սիրիայի քաղաքացի Ահմեդ Ալմոհամմեդի անունով անձնագիրը հայտնաբերվել է մարզադաշտի մոտ գրոհայինների դիերի հարևանությամբ: Ավելի ուշ հաղորդագրություն հայտնվեց, որ նա Արևմտյան Եվրոպա էր հասել Հունաստանով և Սերբիայով: Իչպես նշում է RTL ռադիոկայանը, Ֆրանսիայի և ԱՄՆ մասնագետները կասկածներ ունեն անձնագրի իսկության վերաբերյալ: Ահաբեկչական գործողություններին մեղսակցության կասկածանքով որոնվում է Ադեսլամ Սալահը: Որպես ահաբեկչությունների պատվիրատու ֆրանսիական ԶԼՄ-ները նշում են 27-ամյա Աբդելհամիդ Աբաուդի անունը Բելգիայից:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---