Եվրոպայի Կանաչների կուսակցությունը բանաձև է ընդունել Հայոց ցեղասպանության մասին

Եվրոպայի Կանաչների կուսակցությունը բանաձև է ընդունել Հայոց ցեղասպանության մասին

PanARMENIAN.Net - Ձայների գերակշռող մեծամասնությամբ Եվրոպայի Կանաչների կուսակցությունը նոյեմբերի 15-ին՝ կիրակի օրը, Լիոնում կայացած 23-րդ համաժողովին ընդունել է Հայոց ցեղասպանության մասին բանաձև, համաձայն որի` Օսմանյան կայսրությունը ցեղասպանություն է իրագործել հայ ժողովրդի հանդեպ: Բանաձևը կոչ է անում Թուրքիային` ճանաչել Հայոց ցեղասպանությունը և աշխատել Հայաստանի և հայ ժողովրդի հետ հաշտեցում հաստատելու ուղղությամբ, հայտնում է «Հայաստանի եվրոպացի բարեկամներ» կազմակերպության մամուլի ծառայությունը:

Այս նախաձեռնությամբ Եվրոպայի Կանաչների կուսակցությունը կոչ է անում Հայոց ցեղասպանությունը դեռևս չճանաչած բոլոր երկրներին` հրապարակայնորեն ճանաչել այն: Կուսակցությունն ընդգծում է, որ այս քայլը դրական կանդրադառնա Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման վրա և կնպաստի մարդկության հանդեպ հետագա հանցագործությունների կանխմանը:

Եվրոպայի Կանաչների կուսակցությունը համաեվրոպական քաղաքական կուսակցություն է, որը միավորում է շուրջ 45 Կանաչների կուսակցություն Եվրոպայում, և ներկայացված է արևելյան Եվրոպայի գործընկերության երկրներում: Եվրոպական խորհրդարանում կուսակցության անդամները զբաղեցնում են 50 տեղ Կանաչների՝ Եվրոպական Ազատ դաշինք խորհրդարանական խմբակցության շարքերում:

Եվրոպայի Կանաչների կուսակցությունը սգում է հայկական մշակութային ունեցվածքի կորուստը, կոչ է անում Թուրքիայի կառավարությանը հարգել հայկական մշակութային ժառանգությունը և ձեռնարկել խիստ միջոցներ այն պաշտպանելու համար: Բանաձևը պահանջում է թուրքական կառավարությանը վերագնահատել պատմական և մշակութային նյութերը, բաց անել արխիվները պատմաբանների, հետազոտողների և գիտնականների առջև՝ փորձելով հաշտվել անցյալի հետ: Սրա տրամաբանական շարունակությունը կլինի վերացնել Թուրքիայի Քրեական օրենսգրքի 301-րդ հոդվածը, որը սահմանափակում է Ցեղասպանության վերաբերյալ քաղաքական և հանրային քննարկումները: Բանաձևը ընդգծում է, որ բոլորն ունեն սեփական պատմության ճանաչման և մշակույթի հանդեպ հարգանքի իրավունք: Ճանաչելով Հայոց ցեղասպանությունը՝ Եվրոպայի Կանաչների կուսակցությունը հարգանքի տուրք է մատուցում զոհերի հիշատակին որպես քայլ դեպի հաշտեցում և պատմական փոխհատուցում:

Եվրոպական խորհրդարանի պատգամավոր, ԵԽ-ում Կանաչների/ ԵԱԴ խմբակցության փոխնախագահ, «Հայաստանի եվրոպացի բարեկամներ» կազմակերպության Խորհրդատվական խմբի անդամ Միշել Ռիվազին մեկնաբանել է. «Ինչպես հիշեցնում են Փարիզում կատարված ողբերգական դեպքերը, աշխարհը կանգնած է խնդրի առջև՝ ինչպես երբեք: Շատ տարիներ ատելության խոսքը բավարար չափով չի դատապարտվել և նպաստել է ծայրահեղականներին տարածելու իրենց քարոզչությունը և բարձրացնելու բռնության մակարդակը: Մենք չենք կարող այսպես շարունակել, այլ պետք է հակադարձենք այս արատավոր գալարին՝ առավել բաց ժողովրդավարությամբ, ինչպես նաև ստեղծված իրավիճակին հանգեցնող սխալներն ու հանցագործությունները ճանաչող պատրաստակամությամբ: Հայոց ցեղասպանության հարյուրամյակին Եվրոպայի Կանաչների կուսակցության ընդունած բանաձևի նպատակն է հիշեցնել յուրաքանաչյուր երկրի, որ այն իր մասնաբաժինն ունի ներդնելու՝ հանուն առավել խաղաղ աշխարհի: Սա է պատճառներից մեկը, թե ինչու Թուրքիան պետք է այժմ դադարեցնի իր ժխտողական քաղաքականությունը: Ժխտումը ատելության շարժիչի վառելիքն է, որը մեզ խանգարում է հասնել խաղաղության: Թուրքիան միայն կշահի՝ ի վերջո ճանաչելով Հայոց ցեղասպանությունը, և մուտք կգործի դեպի պատմություն: Առանց Հայոց ցեղասպանության ճանաչման խաղաղություն չի կարող հաստատվել»:

Քանի որ 2015 թվականին լրանում է Հայոց ցեղասպանության հարյուրամյակը, եվրոպական մի շարք երկրներ, համաեվրոպական կառույցներ և քաղաքական կուսակցություններ խոստովանել կամ վերահաստատել են Հայոց ցեղասպանության իրենց ճանաչումը և պահանջել են որպեսզի Թուրքիան ևս ճանաչի այն:

«Հայաստանի եվրոպացի բարեկամներ» կազմակերպության ղեկավար Էդուարդո Լորենցո Օչոան մեկնաբանել է. «Ես ուրախ եմ տեսնել Հայոց ցեղասպանությունը ճանաչող եվրոպական քաղաքական ընտանիքների աճող թիվը: Եվրոպայի Կանաչների կուսակցության բանաձևը կարևոր է, մասնավորապես` քանի որ այն ոչ միայն հարգանքի տուրք է մատուցում 20-րդ դարի առաջին Ցեղասպանության զոհերի հիշատակին, այլ նաև հստակ բացատրում է բանաձևի ընդունման կարևորությունը, եթե մենք ցանկանում ենք ապահովագրել ապագան և կանխել մարդկության հանդեպ հետագա ցեղասպանությունները»:

Եվրոպայի կանաչների կուսակցությունը (European Green Party) եվրոպական քաղաքական կուսակցություն է, որն ակտիվ մասնակցություն ունի Եվրամիության քաղաքական կյանքին: Եվրոպայի ազատ դաշինքի հետ համատեղ կուսակցությունը խմբակցություն ունի Եվրախորհրդարանում` «Կանաչներ-Եվրոպայի ազատ դաշինք»:

 Ուշագրավ
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
«Այն անպայման կցուցադրվի, սակայն պարզ չէ, թե երբ»,–ասել է Սեիդովը
---