Դինքի սպանության գործով դատապարտվածն ուզում է նոր ցուցմունք տալ

Դինքի սպանության գործով դատապարտվածն ուզում է նոր ցուցմունք տալ

PanARMENIAN.Net - Պոլսահայ լրագրող, «Ակօս» թերթի խմբագիր Հրանտ Դինքի սպանության գործով 22 տարի 10 ամիս ազատազրկման դատապարտված Օգյուն Սամասթը դիմել է դատարան` նոր ցուցմունք տալու խնդրանքով:

Թուրքական Haberler լրատվական կայքի տեղեկացմամբ` Սամասթը դիմել է Ստամբուլի Ծանր հանցագործությունների 5-րդ քրեական դատարանին` նշելով, որ Դինքի սպանության գործով ցանկանում է նոր ցուցմունք տալ: Սամասթը նաև պահանջել, որ վերոնշյալ ցուցմունքը տալու համար իրեն Քոջաելիի բանտից տեղափոխեն Ստամբուլ, գրում է Ermenihaber.am-ը:

Հրանտ Դինքի ընտանիքի փաստաբան Հաքան Բաքըրջըօղլուն հաստատել է, որ նոյեմբերի 2-ին դատապարտյալը նման դիմում է ներկայացրել թուրքական դատարան: Փաստաբանը նաև նշել է, որ Օգյուն Սամասթի` հանցավոր կազմակերպության անդամ լինելու մեղադրանքով դատական գործը միացվել է Դինքի սպանության կազմակերպան գործով Ստամբուլի Ծանր հանցագործությունների 5-րդ քրեական դատարանում ընթացող դատավարությանը: Ուստի Սամասթը ցանկացել է մասնակցել այդ դատավարությանը և ցուցմունք տալ:

Հրանթ Դինքի սպանության մասին տեղյակ եղած և այն չկանխած թուրք պետական ծառայողների գործով քննության ընթացքում դատախազ Գյոքալփ Քյոքչուի կողմից պատրաստված մեղադրական եզրակացությունը ներկայացվել է Ստամբուլի գլխավոր դատախազությանը: Սպանության դեպքից 9 տարի անց առաջին անգամ որպես կասկածյալ ցուցմունք է տվել Թուրքիայի ոստիկանության հետախուզության նախկին պետ Էնգին Դինչը։ Նա իր ցուցմունքում նշել է, թե տեղյակ են եղել, որ Յասին Հայալը Դինքի դեմ գործողություն է նախապատրաստում, և տեղեկանալու հենց նույն օրն էլ տեղեկությունն ուղարկել են Ստամբուլի հետախուզությանը։

Նա նշել է, որ Ստամբուլում պատկան մարմիններին զգուշացրել է՝ ինչպես հեռախոսով, այնպես էլ գրավոր տարբերակով:

«Դինքի դեմ պատրաստվող մահափորձի մասին կարևոր տեղեկություններ ստացել ենք Թունջելից՝ 2006-ի փետրվարի 15-ին: Փետրվարի 17-ին այդ տեղեկությունը, զեկույցի տեսքով, ուղարկել ենք Անկարա և Ստամբուլ», - ասել է նա։

Գյոքալփ Քյոքչուի կողմից պատրաստված մեղադրական եզրակացությունը ներկայացվել էր Ստամբուլի գլխավոր դատախազությանը։ Մեղադրական եզրակացության մեջ Էնգին Դինչի, սպանության ժամանակաշրջանում Տրապիզոնի ոստիկանապետ Ռեշեթ Ալթայի և այդ ժամանակահատվածում Ստամբուլի ոստիկանության հետախուզության բաժնի պետ Ահմեթ Իլհան Գյուլերի նկատմամբ կանխամտածված սպանությանն աջակցություն ցուցաբերելու մեղադրանքով 20-25 տարվա ազատազրկում է պահանջվում։

Ոստիկանության հետախուզության բաժնի պետ Ռամազան Աքյուրեքի, բաժնի պետ Ալի Ֆուաթ Յըլմազերի համար դատախազը ցմահ ազատազրկում է պահանջում: Սպանության տարում Ստամբուլի ոստիկանապետ Ջերահեթթին Ջերրահն ու Հետախուզության պետ Սաբրի Ուզունը դատարանի առաջ կկանգնեն պաշտոնեական դիրքի չարաշահման մեղադրանքով։

Մեղադրական եզրակացության մեջ ընդհանուր առմամբ 25 պաշտոնյայի դատելու պահանջ է ներկայացվում։

2007-ի հունվարի 19-ին Դինքը սպանվեց «Ակոս»-ի խմբագրատան դիմաց: Բոլոր մեղավորները դեռ դատապարտված չեն: Գործի նոր մանրամասներ են բացահայտվում: Այժմ նրա սպանության գործը դարձյալ քննում է Ստամբուլի գլխավոր դատախազության Ահաբեկչության և կազմակերպված հանցավորության բաժնի դատախազ Յուսուֆ Դողանը, որը գործի շրջանակում նոր դեմքերի է հարցաքննում: Կասկածյալ Օգյուն Սամասթը ձերբակալվեց 32 ժամ անց: 2012 թվականի հունվարի 17-ին դատարանը մեղավոր ճանաչեց 19 մարդու «ահաբեկչական կազմակերպության անդամներ» մեղադրանքով: Յասին Հայալը ցմահ բանտարկության դատապարտվեց, անմիջական հանցագործ Օգյուն Սամասթը՝ 23 տարվա ազատազրկման: Մեղադրյալներն անցնում էին Թուրքիայի ՔՕ 220 հոդվածով՝ սպանության կազմակերպում ու իրագործում: 2014 թ. մարտին ոստիկանության հետախուզության նախկին պետը մեղադրվեց Հրանտ Դինքի գործով թերանալու մեջ ու հեռացվեց հետաքննությունից, թեև սկզբում վարչական դատարանը մերժեց քննությունից նրան հեռացնելու պահանջը: Դատական տեսուչներն իբր պարզել էին, որ ոչնչացված տեղեկատվությունը կարող է կապված լինել այն շրջանի հետ, երբ Դինքը սպանվեց սպառնալիքներ ստանալուց հետո:

Սեպտեմբերի 17-ին Ստամբուլում վերսկսվեց Հրանտ Դինքի սպանության նախապատրաստման մեղադրանքով կասկածյալ Էրհան Թունջելի դատը: Դատարանը ձերբակալության թույլտվություն տվեց, սակայն Թունջելին ազատ արձակվեց Դինքի սպանության գործով առաջին իսկ որոշումից հետո:

Կարդացեք նաև՝ Դինքի վերսկսված գործը քննող դատախազի դեմ քննություն է սկսվել

 Ուշագրավ
Նա նշել է, որ Արցախն Ադրբեջանական ԽՍՀ–ից դուրս է եկել բոլոր իրավական կարգավորումների համաձայն
Շեշտադրվել է նաև փոխընդունելի լուծումներ գտնելու անհրաժեշտությունը բոլոր համապատասխան հարցերի շուրջ
Այդպիսով հայ երգչուհին ներկաների ուշադրությունն է հրավիրել արդեն մեկ ամսից ավելի շարունակվող Արցախի շրջափակմանը
---