Եգիպտոսի ՆԳՆ-ն հերքել է A321-ի գործով ձերբակալվածների մասին լուրերը

Եգիպտոսի ՆԳՆ-ն հերքել է A321-ի գործով ձերբակալվածների մասին լուրերը

PanARMENIAN.Net - Եգիպտոսի ներքին գործերի նախարարությունը հերքել է հաղորդագրությունները ռուսական A321-ի կործանման գործով ձերբակալվածների մասին: Այդ տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը, ասվում է Եգիպտոսի ՆԳՆ ֆեյսբուքյան էջում, հայտնում է DW-ն:

Հոկտեմբերի 31-ի վաղ առավոտյան ռուսական «Կոգալիմավիա» ավիաընկերության Airbus-321 օդանավը, որը կատարում էր 9268 Շարմ էլ Շեյխ- Սանկտ Պետերբուրգ չվերթը, վթարի ենթարկվեց թռիչքից 23 րոպե անց: Ինքնաթիռում կար 217 ուղևոր և անձնակազմի 7 անդամ: A321-ի ինքնագրիչների վերծանմամբ զբաղվող քննիչները հայտնել են, որ գրանցվել է պայթյուն, որը կապված չի եղել շարժիչի խափանման հետ: «Սև արկղերի» ձայնագրությունները թույլ են տալիս լսել պայթյունի աղմուկը, որը տեղի է ունեցել թռիչքի ժամանակ»:

Ավելի վաղ հաղորդագրություններ տարածվեցին Սինայի թերակղզում ռուսական A-321-ի կործանման գործով 17 անձի ձերբակալության մասին, այդ թվում Շարմ էլ Շեյխի օդանավակայանի 2 աշխատակիցների, որոնք իբր օգնել են պայթուցիկ սարքը տեղադրել ինքնաթիռում:

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ ՌԴ հատուկ ծառայությունները $50 մլն պարգևատրում են խոստացել A321 ինքնաթիռի ահաբեկչության հետ կապ ունեցողների մասին տեղեկատվության համար:

«Անվտանգության դաշնային ծառայությունը դիմում է ռուս և միջազգային հանրությանը՝ կոչ անելով գործակցել ահաբեկիչներին գտնելու հարցում։ Վկայությունների համար, որոնք կօգնենք ձերբակալել հանցագործներին, կտրվի պարգևատրում՝ $50 մլն-ի չափով»,- հաղորդել է ՌԴ Անվտանգության դաշնային ծառայության հասարակայնության հետ կապերի կենտրոնը:

Ավելի վաղ Ռուսաստանի անվտանգության դաշնային ծառայության ղեկավար Ալեքսանդր Բորտնիկովը հաստատել է Սինայի թերակղզում կործանված A321 ռուսական ինքնաթիռում ահաբեկչության փաստը։ Նա հայտնել է, որ օդանավում պայթուցիկ սարք է պայթել: ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն իր հերթին հայտարարել է, որ Ռուսաստանը կփնտրի և կպատժի հանցագործներին:

«Մենք պետք է անենք դա առանց վաղեմության ժամկետի, պետք է իմանանք նրանց անուն առ անուն: Մենք փնտրելու ենք նրանց ամենուր, որտեղ էլ որ թաքնվեն: Մենք կգտնենք նրանց մոլորակի ցանկացած կետում և կպատժենք»,-ասել է նա:

«Մեր ավիացիայի մարտական աշխատանքը Սիրիայում ոչ թե ուղղակի պետք է շարունակվի, այլ պետք է հզորացվի այնպես, որ հանցագործները հասկանան, որ հատուցումն անխուսափելի է…Բոլոր նրանք, ովքեր կփորձեն աջակցել հանցագործներին, պետք է իմանան, որ նման պարտակման հետևանքները ամբողջությամբ իրենք են կրելու իրենց վրա»,-ասել է ՌԴ նախագահը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---