ԱՄՆ սենատոր. Ալիևը պետք է դադարեցնի քաղհասարակության վրա ճնշումները

ԱՄՆ սենատոր.  Ալիևը պետք է դադարեցնի քաղհասարակության վրա ճնշումները

PanARMENIAN.Net - ԱՄՆ Կոնգրեսի Հելսինկյան կոմիտեի համանախագահ, սենատոր Բեն Կարդինը հայտարարությամբ է հանդես եկել ընդդիմադիր Արիֆ Յունուսին կալանքից ազատելու վերաբերյալ:

Նոյեմբերի 12-ին Բաքվի վերաքննիչ դատարանը դատավոր Վյուղար Մամեդովի նախագահությամբ որոշել է փոխել ադրբեջանցի իրավապաշտպան Արիֆ Յունուսի խափանման միջոցը: Յունուսն ազատ է արձակվել դատարանի դահլիճում, նրա հանդեպ ընտրվել է խափանման նոր միջոց` տնային կալանք: Հոկտեմբերի 30-ին Արիֆ Յունուսի առողջական վիճակը կտրուկ վատթարացել էր և նրան տեղափոխել էին Ադրբեջանի արդարադատության նախարարության բուժհաստատություն: Սակայն հոսպիտալացումից հետո ևս Յունուսի վիճակը չէր բարելավվել:

«Ես ողջունում եմ Արիֆ Յունուսի ազատ արձակումը՝ անարդար ձերբակալությունից ու դատապարտումից հետո: Արիֆ և Լեյլա Յունուսների դեմ մեղադրանքները քաղաքական դրդապատճառներ ունեն և վկայում են Ադրբեջանում մարդու իրավունքների անթույլատրելի վիճակի մասին: Ես անհանգստացած եմ, որ Արիֆ Յունուսի իրավական կարգավիճակը մնացել է նույնը՝ չնայած ազատ արձակմանը, ինչպես նաև խորապես մտահոգված եմ նրա կնոջ՝ Լեյլա Յունուսի երկարատև ազատազրկման վճռով»,- ասել է սենատորը, Contact.az-ին հղումով գրում է Tert.am-ը:

Նա նշել է, թե շարունակում է պնդել Ադրբեջանում օրենքի գերակայության լիիրավ վերականգնման ու Յունուս ամուսինների մեղադրանքները չեղարկելու հարցում։

«Միևնույն ժամանակ, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը պետք է դադարեցնի քաղաքացիական հասարակության ակտիվիստների նկատմամբ ճնշումները»,-ասված է հայտարարության մեջ։

Օգոստոսի 13-ին Բաքվի ծանր հանցագործությունների դատարանն իրավապաշտպան Լեյլա Յունուսին դատապարտել է 8,5 տարվա ազատազրկման, իսկ նրա ամուսնուն՝ Արիֆ Յունուսին՝ 7 տարվա ազատազրկման՝ ունեցվածքի, այդ թվում՝ անշարժ գույքի բռնագրավմամբ։ Արիֆ Յունուսը մեղավոր է ճանաչվել ադրբեջանական Քրեական օրենսգրքի 178.3.2 հոդվածով (խարդախություն, որիհետևանքով խոշոր չափի վնաս է հասցվել)։ Լեյլա Յունուսը մեղավոր է ճանաչվել նույն հոդվածով, ինչպես նաև ապօրինի ձեռնարկատիրության, հարկերը վճարելուց խուսափելու, փաստաթղթեր կեղծելու մեղադրանքներով:

Ադրբեջանցի իրավապաշտպանների դատավճիռը չափազանց անհանգստացրել է Եվրախորհրդարանի ղեկավար Մարտին Շուլցին: «Երկու առաջատար իրավապաշտպանների՝ Յունուսների դատավճիռը չափազանց անարդար է։ Հաշվի չի առնվել ամբաստանյալների առողջական վիճակը։ Ես, ինչպես նաև Եվրախորհրդարանի մարդու իրավունքների հարցերով հանձնաժողովը, կոչ ենք անում ազատ արձակել բուժման կարիք ունեցող Լեյլա և Արիֆ Յունուսներին», - ասել է Շուլցը:

Ավելի վաղ Յունուսների դատավճիռն իր հայտարարության մեջ խիստ քննադատել է ԱՄՆ-ի պետքարտուղարությունն ու պահանջել անհապաղ ազատ արձակել նրանց: Ըստ Պետքարտուղարության՝ Մեղադրանքը բացառապես կապ ունի նրանց իրավապաշտպան գործունեության և տարածաշրջանում լարվածության թուլացման ու վստահության կամուրջներ կառուցելու վերաբերյալ խաղաղարար ծրագրերին նրանց մասնակցության հետ Կառույցը նաև անհանգտացած է դատական գործընթացի ժամանակ թույլ տրված խախտումներով, և հատկապես՝ իրավապաշտպանների առողջությամբ:

Մեծ Բրիտանիայի՝ եվրոպական հարցերով նախարար Դևիդ Լիդինգթոնը ևս խոր մտահոգություն է հայտնել Յունուսների դատավարության առնչությամբ։

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---