Ստամբուլի կենտրոնական հրապարակում մարդկանց ոսկորներ են գտել. Տարածքում հայկական գերեզմանոց է եղել

Ստամբուլի կենտրոնական հրապարակում  մարդկանց ոսկորներ են գտել. Տարածքում հայկական գերեզմանոց է եղել

PanARMENIAN.Net - Ստամբուլի կենտրոնական Թաքսիմ հրապարակում կատարվող վերակառուցման աշխատանքների ընթացքում մարդու գանգի մնացորդներ և այլ ոսկրակտորներ են գտնվել:

Ենթադրվում է, որ այդ ոսկորները պատկանում են հայերին, քանի որ այդ տարածքում մինչև 1939-ը հայկական գերեզմանոց է եղել, թուրքական Haberler.com-ին հղումով գրում է Ermenihaber.am-ը:

Գերեզմանոցի տարածքը հայկական համայնքին էր տրվել շնորհիվ սուլթան Սուլեյմանի վանեցի խոհարար Մանուկ Քարասեֆերյանի, որը սուլթանին մի անգամ փրկել էր թունավորվելուց:

1953-ին օսմանյան սուլթան Աբդուլ Մեջիդի հրամանագրով հայկական գերեզմանոցի շուրջը քարե պարիսպ էր կառուցվել: Ապա Ֆրանսիան և Սարդինիայի թագավորությունը (Իտալիան) գնել էին Թաքսիմի շրջանի որոշ հողակտորներ և այնտեղ հուղարկավորել Ղրիմի պատերազմում զոհված իրենց զինվորներին:

1865-ին Ստամբուլում սկիզբ առած խոլերայի համաճարակը տարածվել էր ոչ միայն ժողովրդի շրջանում, այլ վարակել անգամ որոշ պալատականների: Այդ պատճառով ձմեռային պալատի մոտակայքում գտնվող հայկական գերեզմանոցում հանգուցյալների հուղարկավորությունն արդեն արգելվել էր: Հայերին և հույներին գերեզմանոցի համար հողատարածք էր հատկացվել Ստամբուլի Շիշլի թաղամասում, որը խիտ բնակեցված չէր: Այդ գերեզմանոցն օգտագործվում է նաև այսօր:

Թաքսիմի հայկական գերեզմանոցի տարածքի մի մասը սուլթան Աբդուլ Ազիզի հրամանով բռնագրավվել է 1870-ին, երբ տարածքում բարեկարգման աշխատանքներ էին իրականացվում: Իսկ ամբողջությամբ տարածքը օտարվել էր 1939-ին: 1940-ին Ստամբուլի նահանգապետ և քաղաքապետ Լյութֆի Քըրդարը հաստատել էր գերեզմանոցի տեղում ներկայիս Գեզի զբոսայգու և Թաքսիմի տարածքի մի շարք բնակելի շենքերի կառուցման ծրագիրը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---