ՀՀ նախագահը ՏՏ ոլորտում համաշխարհային ներդրման համար մրցանակը հանձնել է Եվգենի Կասպերսկուն

ՀՀ նախագահը ՏՏ ոլորտում համաշխարհային ներդրման համար մրցանակը հանձնել է Եվգենի Կասպերսկուն

PanARMENIAN.Net - Նախագահի նստավայրում նոյեմբերի 17- երեկոյան տեղի է ունեցել ՏՏ ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ նախագահի 2015 թվականի մրցանակի հանձնման արարողությունը: Նախագահը մրցանակը հանձնել է կիբերանվտանգության աշխարհահռչակ մասնագետ, այդ ոլորտում աշխարհի խոշորագույն մասնավոր ընկերություններից մեկի՝ «Կասպերսկու լաբորատորիայի» գլխավոր տնօրեն Եվգենի Կասպերսկու, հայտնում է նախագահի մամուլի ծառայությունը:

Համաշխարհային տեղեկատվական տեխնոլոգիաների (ՀՏՏ) մրցանակաբաշխության կոմիտեի գործադիր խորհրդի նախագահ Հովիկ Մուսայելյանը ընդունելությանը հնչեցրած իր ելույթում ներկայացրել է Հայաստանում ամենադինամիկ զարգացող և ամենամեծ հավելյալ արժեք ստեղծող տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի հաջողություններն ու դինամիկան՝ ընդգծելով, որ վերջին տարիներին ոլորտն ապահովել է 20-25% աճ, իսկ ՀՆԱ-ում նրա տեսակարար կշիռը կազմում է մոտ 3%:

Միջոցառման ժամանակ շնորհակալական խոսք է ասել մրցանակակիր Եվգենի Կասպերսկին. «Ես անում եմ ինձնից կախված ամեն ինչ: Մոտիվացնում եմ իմ աշխատակիցներին, իմ ընկերությունը, որպեսզի նրանք անեն իրենց կողմից հնարավոր ամեն ինչ, որպեսզի մենք աշխարհում այս աշխատանքն իրականացնենք ամենալավը: Կարծում եմ, որ մենք դա անում ենք աշխարհում բոլորից լավ: Սա իմ կյանքն է, սա իմ ճակատագիրն է, սա իմ առաքելությունն է: Շատ շնորհակալ եմ պարոն նախագահին, շատ շնորհակալ եմ հանձնաժողովին, որն ընտրել է իմ թեկնածությունը՝ ինձնից ոչ պակաս արժանի թեկնածուների ցուցակից, ես շնորհակալ եմ հովանավորներին, ովքեր աջակցեցին այս միջոցառմանը: Եվ ես խոսք եմ տալիս, որ կաշխատեմ է՛լ ավելի լավ»:

«Մենք պետք է փրկենք այս աշխարհը՝ ոչ միայն կիբեր աշխարհը, այլև՝ ողջ աշխարհը, որովհետև հիմա արդեն չկա տարբերություն ավանդական ֆիզիկական աշխարհի և կիբեր տարածության մեջ: Դրանք միահյուսված են, և մենք պետք է ստեղծենք աշխատանքի համակարգեր ու պայմաններ, որպեսզի կիբեր հարձակումները՝ խնդիրներ, որոնք մեզ պետք չեն, ուղղակի չլինեն: Ես կանեմ ամեն հնարավորը, որ դա իրականանա: Եվ այս պարգևը հերթական շատ լուրջ խթան է այս աշխատանքի մեջ: Շատ շնորհակալություն»,-ասել է «Կասպերսկու լաբորատորիայի» գլխավոր տնօրեն Եվգենի Կասպերսկին:

ՀՀ նախագահն իր ելույթում նշել է. «Վերջին տարիներին Հայաստանում թերևս ամենակարևոր ձեռնարկումներից մեկը եղել է հատուկ ուշադրությունը տեղեկատվական տեխնոլոգիաների հանդեպ: Համադրելով պետական և մասնավոր հատվածների ջանքերը՝ մեզ հաջողվել է այս ոլորտը դարձնել իսկապես ռազմավարական: Եվ այստեղ, իհարկե, ամենաուրախալին մեր երիտասարդների շարունակական ներգրավումն է այս բնագավառում:

Այնուամենայնիվ, կարևոր է գիտակցել, որ տեղեկատվական տեխնոլոգիաները Հայաստանի կյանքում զուտ տնտեսական գործոն չեն: Այսօր այս տեխնոլոգիաների միջոցով Հայաստան է մուտք գործում արդիականությունը: Ավելին, տեղեկատվական տեխնոլոգիաները դարձել են Հայաստանի արդիականացման ամենակարևոր միջոցներից մեկը»:

«Համակարգը բնութագրվում է ոչ թե սխալով, այլ սխալին արձագանքելու իր կարողությամբ: Հենց այստեղ է, որ մեզ բոլորիս օգնության են գալիս համակարգչային վիրուսների և վնասակար տարրերի դեմ պայքարելու գործին լծված մարդիկ: Նրանց շարքում Եվգենի Կասպերսկին և նրա ստեղծած լաբորատորիայում միավորված մասնագետները, իհարկե, զբաղեցնում են իրենց ուրույն և կարևոր տեղը»,-ասել է ՀՀ նախագահը:

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
---