Իրանում ահաբեկչական խմբավորման անդամներ են ձերբակալվել

Իրանում ահաբեկչական խմբավորման անդամներ են ձերբակալվել

PanARMENIAN.Net - Նոյեմբերի 18-ին Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) և հատուկ ծառայությունների իրականացրած գործողությունների արդյունքում երկրի Քերմանշահ նահանգի սահմանային տարածքներում ձերբակալվել են ահաբեկչական խմբավորման անդամներ։

Գործողության ընթացքում առգրավվել է նաև զենք և զինամթերք։ Այս մասին հայտնում է ԻՀՊԿ տարածած հայտարարությունը:

Ավելի վաղ՝ նոյեմբերի 16-ին Իրանի հետախուզության նախարար Մահմուդ Ալավին հայտարարել էր, որ երկրի անվտանգության ծառայությունները մոհարրամ ամսին (հոկտեմբերի 15-ից նոյեմբերի 12-ն ընկած ժամանակահատվածում) չեզոքացրել են «Իսլամական պետություն» (ԻՊ) ահաբեկչական խմբավորման ավելի քան 10 խումբ, Farsnews լրատվական գործակալությանը հղումով գրում է Razm.info-ն:

Իրանի արևմտյան Քերմանշահ նահանգը սահմանակից է Իրաքին, որտեղ ԻՊ զգալի տարածքներ է վերահսկում։

Մինչ այդ, Իրաքի արտգործնախարար Իբրահիմ Ալ-Ջաֆաարին նոյեմբերի 13-ին Փարիզում կազմակերպված ահաբեկչություններից հետո հայտարարել էր, որ իր երկրի հատուկ ծառայությունները Իրանի, Ֆրանսիայի և ԱՄՆ-ի իշխանություններին զգուշացրել էին հնարավոր ահաբեկչական գործողությունների մասին:

Իրանի հետախուզության նախարարը նոյեմբերի 15-ին հայտարարել էր նաև երկրում անվտանգությունն ապահովվելու ուժեղացման մասին, ինչը պայմանավորված էր Լիբանանում և Ֆրանսիայում տեղի ունեցած ահաբեկչությունների հետ։

Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզում նոյեմբերի 13-ի երեկոյան 7 ահաբեկչական հարձակում է իրականացվել։ Ըստ վերջին տվյալների, «Բատակլան» թատրոնում, «Ստադ դե Ֆրանս» ստադիոնի մոտակայքում ու Փարիզի ևս 5 այլ կետում միաժամանակյա հարձակումների ընթացքում զոհվել է 132 մարդ։ Ֆրանսիայում նախագահի հրամանով ատրակարգ դրություն է հայտարարված:

Ֆրանսիայի նախագահ Օլանդը պատերազմ է հայտարարել է ահաբեկչական «Իսլամական պետությանը», որը ստանձնել է հարձակման պատասխանատվությունը: Ֆրանսիայի օդուժը հարվածներ է հասցնում Սիրիայում գրոհայինների դիրքերին:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---