ԱՄՆ-ն զգուշացրել է Իտալիայում և Վատիկանում հնարավոր ահաբեկչությունների մասին

ԱՄՆ-ն զգուշացրել է Իտալիայում և Վատիկանում հնարավոր ահաբեկչությունների մասին

PanARMENIAN.Net - ԱՄՆ Պետդեպարտամենտը նոյեմբերի 18-ին զգուշացրել է Իտալիայում և Վատիկանում հնարավոր ահաբեկչությունների մասին: Ծայրահեղականների պոտենցիալ թիրախ կարող են դառնալ Սբ Պետրոսի տաճարը, Միլանի եկեղեցին և Լա Սկալա օպերային թատրոնը, որի խաղաշրջանի բացումը դեկտեմբերի 7-ին է: Բացի այդ, հնարավոր են նաև հարձակումներ եկեղեցիների, սինագոգների, ռեստորանների, հյուրանոցների և թատրոնների վրա, հայտնում է ABC News-ը:

Հռոմում ԱՄՆ դեսպանությունը զգուշացրել է Իտալիայում գտնվող ԱՄՆ քաղաքացիներին: «Ահաբեկչական խմբավորումները կարող են օգտագործել նույն մեթոդներն, ինչ Փարիզում: Իտալիայի իշխանություններն իրազեկված են սպառնալիքների մասին»,-ասվում է հաղորդագրության մեջ:

Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզում նոյեմբերի 13-ի երեկոյան 7 ահաբեկչական հարձակում է իրականացվել։ Ըստ վերջին տվյալների, «Բատակլան» թատրոնում, «Ստադ դե Ֆրանս» ստադիոնի մոտակայքում ու Փարիզի ևս 5 այլ կետում միաժամանակյա հարձակումների ընթացքում զոհվել է 132 մարդ։ Ֆրանսիայում նախագահի հրամանով ատրակարգ դրություն է հայտարարված: Ֆրանսիայի նախագահ Օլանդը պատերազմ է հայտարարել է ահաբեկչական «Իսլամական պետությանը», որը ստանձնել է հարձակման պատասխանատվությունը:

Բացի այդ, դիվանագետները կոչ են արել ԱՄՆ քաղաքացիներին զգոն լինել: Նույն օրը Իտալիայի հեռուստատեսությունը հայտնեց, որ ՀԴԲ-ն տեղի իշխանություններին տեղեկություններ է փոխանցել ահաբեկիչների հնարավոր թիրախների մասին, այդ թվում Սբ Պետրոսի տաճարում և Միլիանի որոշ տեսարժան վայրերում, հայտնում է Lenta.ru-ն:

Փարիզյան ահաբեկչություններից հետո Իտալիայի իշխանությունները 700 զինվոր են ներգրավել Հռոմում անվտանգության ապահովման համար:

Հայտնի են ահաբեկչական գործողությունների անմիջական իրականացնողների անունները, հայտնի է նաև կազմակերպիչը` 27-ամյա Բելգիայի քաղաքացի Աբդելհամիդ Աբաուդը:

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ «Իսլամական պետություն» խմբավորումը սպառնում է ահաբեկչական գործողություններ իրականացնել Նյու Յորքում: «Իսլամական պետության» ահաբեկիչները տեսահոլովակ են նկարահանել, որտեղ անհայտ տղամարդը ռումբ է թաքցնում բաճկոնի տակ: Ըստ ԶԼՄ-ների, մահապարտը ծրագրում է պայթեցնել ինքն իրեն Նյու Յորքի մարդաշատ վայրերից մեկում: «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը կոչ է արել բոլոր մահմեդականներին ջիհադ սկսել Ռուսաստանի և ԱՄՆ դեմ:

 Ուշագրավ
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում
---