20 նոյեմբերի 2015 - 17:37 AMT
Թուրքիայում տեսուչները ստուգում են հայկական դպրոցները

Թուրքիայի ֆինանսների նախարարության տեսուչները ստուգումներ են իրականացնում 4 հայկական դպրոցում: Հանրապետական Թուրքիայի մեջ առաջին անգամ է, որ հայկական դպրոցներում նման ստուգմուներ են անցկացվում:

«Ակօս» շաբաթաթերթի տեղեկացմամբ՝ հայկական դպրոցները տնտեսվարող սուբյեկտ ճանաչելու հարցն օրակարգ էր եկել դեռևս մարտ ամսին: Թուրքիայի հիմնադրամների գլխավոր վարչությունը գրություն էր ուղարկել հայկական դպրոցներին, տեղեկացնելով, որ ընտանիքներից նվիրատվություններ ստանալու դեպքում դպրոցները կհամարվեն տնտեսվարող սուբյեկտ ու ենթակա կլինեն հարկումների, գրում է Ermenihaber.am-ը:

Այս կապակցությամբ «Հիմնադրամների միջև համերաշխության և կապերի պլատֆորմի» (VADİP) ֆինանսական հարցերի համակարգող Մասիս Յոնթանը, միջազգային հարկային իրավունքի մասնագետ Արեգ Ֆերահյանը, կրթության հանձնաժողովի անդամները հանդիպել են իրավաբաններ Սեբու Ասլանգիլի և Օմեր Քանթիքի հետ:

VADİP գլխավոր քարտուղար Հարությունը Շանլըն հայտնել է, որ հանդիպումը բավականին արդյունավետ է անցել՝ քննարկվել են հարցի վերաբերյալ բոլոր տեսակետները:

Վերջինս հիշեցրել է, որ Թուրքիայի հանրակրթության մասին N5580 օրենքում ընդգծված է, որ hայկական դպրոցները ոչ թե մասնավոր, այլ ազգային փոքրամասնության դպրոցներ են: Ըստ Շանլըի՝ այս օրենքը կլինի իրենց ամենակարևոր փաստարկը հնարավոր իրավական գործընթացի ժամանակ:

Թուրքիայում առաջին հայկական դպրոցը (որտեղ պատրաստվում էին ուսյալ եկեղեցականներ) հիմնել է Հովհաննես Կոլոտ Բաղիշեցի պատրիարքը XVIII դ. սկզբին Կոստանդնուպոլիսում: Հետագայում դպրոցներ (նախակրթարան, տարրական, միջնակարգ-երկրորդական) են հիմնվել Տրապիզոնում, Իզմիրում, Ադրիանուպոլսում, Ադաբազարում և այլն։

2013-ի տվյալներով՝ Ստամբուլում գործում են 16 տեղական հայկական դպրոց, որոնցից միայն մեկն է բացվել թուրքական հանրապետության ժամանակ, մնացածը գործել են օսմանյան կայսրության ժամանակներից ի վեր: