20 նոյեմբերի 2015 - 18:44 AMT
Երևանի քաղաքապետարանը կքննարկի գեղասահքի մարզադպրոցը Իրինա Ռոդնինայի պատվին անվանափոխելու որոշումը

Նոյեմբերի 25-ին Երևանի ավագանու 6-րդ նստաշրջանի հերթական նիստի ավարտից հետո կգումարվի Երևան քաղաքի ավագանու արտահերթ նիuտ, որի օրակարգում ընդգրկված հարցերից մեկը վերաբերում է Երևանի գեղասահքի և տափօղակով հոքեյի մանկապատանեկան մարզադպրոցի անվանափոխությանը: Որոշման ընդունումից հետո այն կկոչվի գեղասահքի օլիմպիական եռակի, աշխարհի և Եվրոպայի բազմակի չեմպիոն, ՌԴ հասարակական, պետական գործիչ, ՌԴ Պետդումայի պատգամավոր Իրինա Ռոդնինայի գեղասահքի մարզադպրոց:

Որոշման նախագծում այդ փոփոխության անհրաժեշտությունը հիմնավորվում է Ռոդնինայի աշխատակազմից ստացված առաջարկով, գրում է Armtimes.com-ը:

2014-ի հունիս ամսին Երևանի Ծովակալ Իսակովի պողոտայի հ.27/10 հասցեում մեկնարկեց գեղասահքի դպրոցի նոր շենքի շինարարական աշխատանքների իրականացման գործընթացը: Այդ արարողությանը մասնակցում էր նաև Իրինա Ռոդնինան: Որոշման նախագծում նշվում է, որ նա իր անմիջական ու ակտիվ մասնակցությունն է ունեցել գեղասահքի դպրոցի կառուցման գաղափարը կյանքի կոչելու հարցում և պատրաստակամություն է հայտնել մարզադպրոցը շահագործման հանձնելուց հետո աջակցել հայկական գեղասահքի զարգացմանը:

Եվ ահա դպրոցի շինարարության պատվիրատուն հանդիսացող «Բարեկեցություն» բարեգործական հիմնադրամի գործադիր տնօրենը նոյեմբերի 6-ին Երևանի քաղաքապետին հասցեագրված գրությամբ խնդրել է հաստատել Իրինա Ռոդնինայի աշխատակազմի կողմից ներկայացված առաջարկը՝ «Իրինա Ռոդնինայի սահադաշտ» անվանման վերաբերյալ:

Դրանից փաստորեն կես ամիս անց համապատասխան որոշման նախագիծն արդեն պատրաստ է:

Երևանի Ծովակալ Իսակովի պողոտայում 1 հեկտար հողատարածքի վրա կառուցվող է գեղասահքի դպրոցի շինարարության ընդհանուր արժեքը կազմում է մոտ 5 մլն ԱՄՆ դոլար:

Դպրոցը նախատեսված է գեղասահքի ու հոկեյի համար: Համապատասխանում է միջազգային բոլոր չափանիշներին, այստեղ կարող են անցկացվել միջազգային, տեղական մրցույթներ: Դպրոցը կունենա 500 նստատեղով սահադաշտ և օժանդակ կառույցներ: