ՀՀ տղամարդկանց հավաքականը՝ շախմատի ԵԱ-ի փոխչեմպիոն

ՀՀ տղամարդկանց հավաքականը՝ շախմատի ԵԱ-ի փոխչեմպիոն

PanARMENIAN.Net - Իսլանդիայի մայրաքաղաք Ռեյկյավիկում ավարտված Եվրոպայի թիմային առաջնությունում Հայաստանի տղամարդկանց ազգային հավաքականը 9-րդ տուրում 3:1 հաշվով հաղթել է Վրաստանի ընտրանուն և բաժանելով 2-4 տեղերը լրացուցիչ ցուցանիշներով ճանաչվել Եվրոպայի թիմային առաջնության փոխչեմպիոն:

Չեմպիոն է դարձել Ռուսաստանի հավաքականը, իսկ բրոնզե մեդալը բաժին է հասել Հունգարիայի ընտրանուն:

Կանանց ընտրանին վերջին տուրում 3.5 : 0.5 հաշվով հաղթել է Չեխիայի հավաքականին և գրավել 11-րդ տեղը: Առաջին տեղում Ռուսաստանի թիմն է:

Հայ շախմատիստներն արժանացել են նաև անհատական մրցանակների: Այսպիսով, Հրանտ Մելքումյանը 9 պարտիայում վաստակել է 6.5 միավոր և արժանացել ոսկե մեդալի: Նա լավագույն արդյունքն է գրանցել չորրորդ խաղատախտակի վրա հանդես եկած շախմատիստների թվում:

Լևոն Արոնյանը 9 հնարավորից վաստակել է 6 միավոր և արծաթե մեդալ նվաճել առաջին խաղատախտակի վրա՝ զիջելով միայն ռումինացի Վիկտոր Բոլոգանին, որը 9 հնարավորից 7 միավոր է հավաքել:

Գաբրիել Սարգսյանը, որը երկրորդ խաղատախտակի վրա անցկացրած 8 պարտիայում վաստակել է 5.5 միավոր, բրոնզե մեդալի է արժանացել:

Հայաստանի տղամարդկանց հավաքականը շախմատի համաշխարհային օլիմպիադաների եռակի հաղթող է (2006-ին Թուրինում, 2008-ին ին Դրեզդենում և 2012-ին` Ստամբուլում)։

Բացի այդ, հայկական թիմը 1992, 2002, 2004 թվականների օլիմպիադաների բրոնզե մեդալակիր է, ինչպես նաև 1999-նի Եվրոպայի առաջնության հաղթող, Եվրոպայի առաջնության (2007, 1997) արծաթե և բրոնզե մեդալակիր, 1997, 2001, 2005 թվականների աշխարհի առաջնությունների բրոնզե մեդալակիր։

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---