Քննիչները պարզել են, թե Սինայում կործանված A321-ի որ մասում էր տեղադրված ռումբը

Քննիչները պարզել են, թե Սինայում կործանված A321-ի որ մասում էր տեղադրված ռումբը

PanARMENIAN.Net - Քննիչները և հատուկ ծառայությունների աշխատակիցները կարողացել են պարզել, թե որտեղ էր տեղադրված ռումբը, որը Սինայի թերակղում Շարմ էլ Շեյխից Սանկտ Պետերբուրգ թռչող ռուսական Airbus 321-ի կործանման պատճառ դարձավ: Ռումբը տեղադրված է եղել ուղևորներից մեկի աթոռի տակ:

Դա պարզ է դարձել ինքնաթիռի բեկորների և ուղևորների մարմինների քիմիական և այլ հատուկ փորձաքննությունների արդյունքում: Ինչպես հայտնում է LifeNews-ը, այժմ առաջնային է այն վարկածը, որի համաձայն պայթյունը որոտացել է օդանավի 30-րդ կամ 31-րդ շարքում:

Ըստ աղբյուրի, տրոտիլի համարժեքով մինչև 1 կգ հզորության ռումբը պայթել է 30 A կամ 31 A նստատեղի մոտ: Ինչպես նշում են մասնագետները, պայթյունի ալիքը տարածվել է դեպի առաջ` ինքնաթիռի «քիթը», մինչև 27-րդ շարքի ուղևորների աթոռները: Դեպի պոչը հարվածի ալիքը շարունակվել է մինչև 32-րդ շարքը:

Ինքնաթիռի բեկորների և ուղևորների մարմինների ուսումնասիրությամբ զբաղվող մասնագետները նշում են, որ այն տեղերը զբաղեցնող մարդիկ, որոնք ռումբի ենթադրայլ տեղադրման վայրում էին գտնվում, պայթյունի ժամանակ մահացել են վայրկյանների ընթացքում: 31А տեղում նստած էր Սանկտ Պետերբուրգի 78-ամյա բնակչուհի Ն.Բ-ն, իսկ առջևում, 30-րդ տեղում` պատուհանի մոտ 15-ամյա Մ.Ի-ն: Նույն ճակատագրին են արժանացել նրանց հարևաններն աջից և հարևան շարքերում:

Հոկտեմբերի 31-ի վաղ առավոտյան ռուսական «Կոգալիմավիա» ավիաընկերության Airbus-321 օդանավը, որը կատարում էր 9268 Շարմ էլ Շեյխ- Սանկտ Պետերբուրգ չվերթը, վթարի ենթարկվեց թռիչքից 23 րոպե անց: Ինքնաթիռում կար 217 ուղևոր և անձնակազմի 7 անդամ: A321-ի ինքնագրիչների վերծանմամբ զբաղվող քննիչները հայտնել են, որ գրանցվել է պայթյուն, որը կապված չի եղել շարժիչի խափանման հետ: «Սև արկղերի» ձայնագրությունները թույլ են տալիս լսել պայթյունի աղմուկը, որը տեղի է ունեցել թռիչքի ժամանակ»:

Նոյեմբերի 17-ին Ռուսաստանի անվտանգության դաշնային ծառայության ղեկավար Ալեքսանդր Բորտնիկովը հաստատեց Սինայի թերակղզում կործանված A321 ռուսական ինքնաթիռում ահաբեկչության փաստը։ Նա հայտնել է, որ օդանավում պայթուցիկ սարք է պայթել: ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն իր հերթին հայտարարեց, որ Ռուսաստանը կփնտրի և կպատժի հանցագործներին:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---