Համաեվրոպական դրամահավաք-հեռախոսամարաթոնի արդյունքն է 1.3 միլիոն եվրո

Համաեվրոպական դրամահավաք-հեռախոսամարաթոնի արդյունքն է 1.3 միլիոն եվրո

PanARMENIAN.Net - «Հայաստան» համահայկական հիմնադրամի Ֆրանսիայի տեղական մարմնի գլխավորությամբ նոյեմբերի 18-22-ը անցկացված 16-րդ համաեվրոպական դրամահավաք-հեռախոսամարաթոնը, որին մասնակցել են Ֆրանսիայի (1.205.569 եվրո), Գերմանիայի (76.050 եվրո) և Շվեյցարիայի (24.554 եվրո) հայ համայնքները, արձանագրել է ավելի քան 1.3 միլիոն եվրո նվիրատվություն և նվիրատվության խոստում:

«Դրամահավաքի հասույթը կուղղվի Արցախում համայնքային կենտրոնների կառուցմանը, Տավուշի մարզում շարունակաբար իրականացվող գյուղատնտեսական ծրագրերի զարգացմանը, սիրիահայերի և իրաքահայերի օգնությանը», - ասվում է «Հայաստան» հիմնադրամի հաղորդագրության մեջ:

Հիմնադրամի Հունաստանի տեղական մարմինն էլ նոյեմբերի 22-ին իր համայնքում անցկացրել է դրամահավաք հեռախոսամարաթոն, որի հանգանակությունները` շուրջ 29 հազար եվրո, կուղղվեն Լեռնային Ղարաբաղի Շուշիի շրջանի Քարին Տակ համայնքում մանկապարտեզի կառուցմանը:

Նվիրատվությունների ընդունումը շարունակվում է:

Հիմնադրամի Ֆրանսիայի տեղական մարմնի գլխավորությամբ կազմակերպվող համաեվրոպական միջոցառման այս տարվա բացումն ազդարարվեց նոյեմբերի 12-ին Փարիզի քաղաքապետարանի պալատում կայացած ճաշով:

Դրամահավաք-միջոցառումը կազմակերպվում է Ֆրանսիայի Փարիզ, Մարսել, Տուլուզ և Լիոն քաղաքներում, որտեղից ավելի քան 600 կամավոր 5 օր շարունակ հեռախոսով կապվում է եվրոպաբնակ շուրջ 50000 հայ ընտանիքների հետ և հանգանակություններ հավաքագրում: Ավանդույթի համաձայն` հեռախոսամարաթոնի մասնակից երկրներն են Ֆրանսիան, Գերմանիան և Շվեյցարիան: Եվրոպայում գործող Հիմնադրամի մյուս տեղական մարմինները (Մեծ Բրիտանիա, Ավստրիա, Հոլանդիա, Շվեդիա, Ռումինիա, Հունաստան, Կիպրոս) իրենց երկրներում կիրառում են սեփական դրամահավաք մեխանիզմները:

Գործունեության 20 տարվա ընթացքում «Հայաստան» համահայկական հիմնադրամը ՀՀ-ում իրականացրել է ավելի քան 476 կմ ճանապարհի, 517 կմ ջրագծի ու ջրամատակարարման համակարգի,144 կմ գազատարի, 70 կմ էլեկտրական հոսանքի գծի շինարարություն։ Բացի այդ, կառուցվել, վերակառուցվել ու կահավորվել է 334 դպրոց ու մանկապարտեզ, 424 տուն ու բնակարան, 70 առողջապահական հաստատություն, 53 սպորտային ու մշակութային կենտրոն։ Իրականացվել է ավելի քան 159 կրթական, մշակութային ու գիտական ծրագիր։

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---