Փորձագետ. Թուրքիայի հարձակումը ռուսական ինքնաթիռի վրա ծրագրված էր, Մոսկվան պատասխան քայլերի իրավունք ունի

Փորձագետ. Թուրքիայի հարձակումը ռուսական ինքնաթիռի վրա ծրագրված էր, Մոսկվան պատասխան քայլերի իրավունք ունի

PanARMENIAN.Net - Թուրքիայի զինված ուժերի ագրեսիայի արդյունքում Ռուսաստանը պատասխան քայլերի, ինչպես նաև անձնակազմի և տեխնիկայի պաշտպանությանն ուղղված լրացուցիչ միջոցների դիմելու իրավաբանական իրավունք ստացավ: Այդ մասին PanARMENIAN.Net ին է հայտարարել Ռուս-հայկական համագործակցության փորձագետ Դենիս Դվորնիկովը:

Սակայն, ըստ նրա, դա չի նշանակում, որ այդ իրավունքից անպայման հարկ կլինի օգտվել: Հարկավոր է գործել պրագմատիկ և դատել սառը գլխով: Ճիշտ այնպես, ինչպես վարվեցին Հայաստանն ու ԼՂՀ-ն, երբ խոցվեց ուսումնական թռիչք կատարող ուղղաթիռը:

Ակնհայտ է, նշել է Դվորնիկովը, որ Ռուսաստանին ձգտում են ներքաշել, հրահրել մեծ պատերազմի: Այս պահի դրությամբ օդաչուների ճակատագրի մասին ստույգ տեղեկություններ չկան, թեև այսպես կոչված ապստամբները տեսանյութ են տարածում, որտեղ տեսանելի է առանց կյանքի նշանների մի մարդ: «Այսինքն գիտակցաբար սաստկացվում է պատահածի տեղեկատվական էֆեկտը: Չէ որ մեզ` հասարակ մարդկանց, մեծ հաշվով, քիչ է հուզում խոցված ինքնաթիռը, դա շատ թանկ, բայց այնուամենայնիվ երկաթի կտոր է: Մեր համար կարևոր է, որ օդաչուները չտուժեին և տուն վերադառնային: Սա է առաջնայինը»,-ասել է նա:

«Կարծում եմ, որ հարձակումը ռուսական ինքնաթիռի վրա ծրագրված ակցիա էր: Ինչ-որ իմաստով այն սպասելի էր, քանի որ ռուսական օդուժի հաջողությունները նյարդայնացնում էին որոշ ուժերի: Եթե ինքնաթիռը խոցվել է Մերձավոր Արևելքի միապետությունների ինչ-որ ընդհատակյա խաղերի արդյունքում, ապա դա նշանակում է, որ Անկարան արդեն ունակ չէ վերահսկել իրավիճակը և գործում է ազգային շահերին հակառակ, որպես ողորմելի խամաճիկ: Ամեն դեպքում, այսօրվա իրադարձությունները միանգամայն զազրելի հեռանկար են խոստանում Թուրքիային:

Ուշագրավ են նշումները սոցցանցերում: Օգտատերերի ճնշող մեծամասնությունը, այդ թվում մահմեդականները, եվրոպացիները, ամերիկացիներ, կարեկցում են Ռուսաստանին: Հակառուսական մեկնաբանությունների հեղինակները կոշտ հավաքական պարսավանքի են արժանանում: Սա է առաջին ժամերի պատկերը: Հնարավոր է, այն արհեստականորեն ցանկանում են խեղաթյուրել բոտերի միջոցով»,-ասել է Դվորնիկովը:

Նոյեմբերի 24-ին թուքական F-16 կործանիչը ռուսական Սու-24 ինքնաթիռ է խոցել Սիրիայի հետ սահմանին: Թուրքիայի ռազմական գերատեսչության պաշտոնական ներկայացուցիչները հաստատել են ինքնաթիռի կործանումը թուրք-սիրիական սահմանի շրջանում, հայտնել է Reuters-ը:

ՌԴ ՊՆ-ն հաստատել է, որ թուրք-սիրիական սահմանին խոցված ինքնաթիռը ռուսական ավիախմբի կազմում է եղել: ՌԴ ՊՆ-ում պնդում են, որ ինքնաթիռը չի խախտել Թուրքիայի օդային տարածքը:

ՆԱՏՕ-ն արտահերթ նիստ է հրավիրում դեսպանների մակարդակով Սիրիայում խոցված ռուսկան ինքնաթիթի կապակցությամբ: «ՆԱՏՕ-ի նիստը տեղի կունենա 17:00-ին (Երևանի ժամանակով 20:00) Թուրքիայի նախաձեռնությամբ»,-ասվում է հաղորդագրության մեջ, հայտնում է ՌԻԱ Նովոստին:

ՌԴ Պետդումայի փոխխոսնակ Նիկոլայ Լևիչևը հայտարարել է, որ Թուրքիան այդպիսով իր համերաշխությունն է հայտնել ահաբեկիչների հետ` խոցելով ռուսական ինքնաթիռը: «Այն պայմաններում, երբ համաշխարհային հանրությունը լիարժեք պայքար է սկսում ահաբեկչության դեմ, Թուրքիան համերաշխություն է դրսևորում ահաբեկիչների հետ և խոցում է Սիրիայի տարածքով անցնող ինքնաթիռը»,-մեջբերում է Լևիչևին ՌԲԿ-ն: Gazeta.ru-ն իր հերթին հայտնում է, որ Լևիչևը նամակ է հղել Ռոսավիացիային` խնդրելով քննել Թուրքիայի հետ ավիահաղորդակցությունը դադարեցնելու հարցը: «Այս պայմաններում մեծ ռիսկ կա, որ գրոհայինները կարող են մուտք գործել թուրքական օդանավակայաններ, ինչն ավելացնում է ահաբեկչական սպառնալիքը ռուսական ինքնաթիռների համար»:

 Ուշագրավ
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Երևանը դե յուրե շարունակում է կազմակերպության անդամ մնալ
---