26 նոյեմբերի 2015 - 13:35 AMT
Մոտ $50.000` ՀԷՑ-ում աուդիտի 2-րդ փուլին

ՀՀ կառավարությունը նոյեմբերի 26-ին նիստում որոշում է կայացրել պահուստային ֆոնդից 49 հազար 834 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ հատկացնել Կառավարության աշխատակազմին՝ ՀԷՑ-ում աուդիտ իրականացնող «Դելոյթ ընդ Տուշ ՍիԱյԷս» փակ բաժնետիրական ընկերությանը փոխանցելու համար:

Գումարը հատկացվում է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի և «Դելոյթ ընդ Տուշ ՍիԱյԷս» ՓԲԸ-ին միջև 2015-ի սեպտեմբերի 7-ին կնքված պետության կարիքների համար էներգետիկայի բնագավառում կարգավորման խորհրդատվական ծառայությունների մատուցման պետական գնման պայմանագրով նախատեսված աշխատանքների 2-րդ փուլի կատարման համար, որի արդյունքները ներկայացվել են հոկտեմբերի 28-ին:

Նախագիծը գործադրին ներկայացրել է էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը՝ տեղեկացնելով, որ նույն որոշման համաձայն 24 հազար 916 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ ևս պետք է հատկացվի «Դելոյթ ընդ Տուշ ՍիԱյԷս» ՓԲԸ-ին` վերջինիս հետ կնքված պայմանագրի շրջանակում ընկերության հարկային պարտավորությունները վճարելու նպատակով, գրում է Tert.am-ը:

Վարչապետ Հովիկ Աբրահամյանը Երվանդ Զախարյանին հանձնարարել է աուդիտի առաջին և երկրորդ փուլի ավարտից հետո հանդես գալ վերլուծությամբ, որպեսզի քայելեր ձեռնարկեն ոլորտը կարգավորելու համար:

Հոկտեմբերի 28-ին «Դելոյթ ընդ Տուշ ՍիԱյԷս» միջազգային խորհրդատվական ընկերությունը ներկայացրել է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին (ՀԾԿՀ) ՀՀ էներգետիկայի բնագավառում կարգավորման խորհրդատվական ծառայության 2-րդ փուլի հաշվետվությունը: Դրա արդյունքով` ընկերությունը ներկայացրել է Հայաստանում էլեկտրաէներգետիկ համակարգի կարգավորման ոլորտում 17 ընդհանուր առաջարկ: Սեպտեմբերի 30-ին խորհրդատվական ընկերությունն ավարտել է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովում (ՀԾԿՀ) խորհրդատվական ծառայության 1-ին փուլի հաշվետվությունը։

Ըստ դրա՝ ՀԷՑ-ում ֆինանսական միջոցների պակասորդն իրենց վրա արդեն զգացել էին էլեկտրաէներգիա արտադրող ընկերությունները, ինչը կարճաժամկետ հեռանկարում կառաջացներ սպառնալիք երկրի ամբողջ էներգահամակարգի կայունության համար: Այս պայմաններում, սակագնի բարձրացման վերաբերյալ կարգավորող մարմնի որոշումը՝ ուղղված ոլորտում իրադրության կայունացմանը և սպառողների հուսալի էներգամատակարարման պահպանմանը, խորհրդատվական ընկերության տեսանկյունից համարվում է հիմնավորված: