28 նոյեմբերի 2006 - 18:12 AMT
Ռեջեփ Էրդողանն անձամբ դիմավորել է Հռոմի Պապին
Հռոմի Պապ Բենեդիկտ XVI-ը քառօրյա այցով ժամանել է Թուրքիա: Անկարայի օդանավակայանի թռիչքի դաշտում նրան անձամբ դիմավորել է Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանը, որի կուսակցությունը իսլամական արմատներ ունի: Ի սկզբան Էրդողանը չէր ծրագրում հանդիպել Բենեդիկտ XVI-ի հետ: Թռիչքի դաշոտւմ հանդիպելուց հետո Պապն ու վարչապետը 20-րոպեանոց զրույց ունեցան:

Բենեդիկտ XVI-ին ուղեկցում են 5 արքեպիսկոպոսներ եւ հինգ կարդինալներ: Հռոմի Պապի Թուրքիայում գտնվելու ժամանակահատվածում կարգուկանոն պահպանելու համար ներգրավվել են իրավապահ մարմինների հազարավոր աշխատակիցներ եւ սնայպերներ: Բացի այդ, իշխանությունները պատրաստվում են դիմել կեղծ թափորի կիրառմանը, որը տեղաշարժվելու է քաղաքով առանց Պապի:

Ինքը` Բենեդիկտ XVI-ը, շրջելու է ոչ թե հայտնի «պապամոբիլով», այլ զրահատպատ ավտոմեքենաներով: Չնայած այդքան լուրջ միջոցներին, թուրք իշխանությունները ասում են, որ Թուրքիայում գտնվելու ընթացքում Բենեդիկտ XVI-ի կյանքին ոչինչ չի սպառնալու:

Բենեդիկտ XVI-ը կդառնա միայն երկրորդ Պապը, որը կայցելի մզկիթ: Բացի այդ, նա կհանդիպի մահմեդական եւ հուդայական առաջնորդների հետ, ինչպես նաեւ Թուրքիայի քրիստոնեական համայնքների ղեկավարների հետ, հայտնում է BBC-ի ռուսասկան ծառայությունը: