Թուրքիայի հայ պատգամավորը քուրդ փաստաբանի սպանությունը նմանեցրել է Դինքի դեպքին

Թուրքիայի հայ պատգամավորը քուրդ փաստաբանի սպանությունը նմանեցրել է Դինքի դեպքին

PanARMENIAN.Net - Թուրքիայի Ազգային Մեծ Ժողովի (ԹԱՄԺ-TBMM) հայ պատգամավոր Գարո Փայլանը խորհրդարանական նիստի ժամանակ ելույթ ունենալիս պատգավորներին հայերենով է ողջունել` ասելով «Բարև ձեզ»:

Ընդդիմադիր «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությա» (ԺԴԿ-HDP) կողմից ընտրված Փայլանը անդրադարձել է Դիարբեքիրի փաստաբանական պալատի ղեկավար Թահիր Էլչիի սպանությանը: Փայլանը Թահիր էլչիին նմանեցրել է Հրանտ Դինքին` ասելով, որ նա նույնպես «խաղաղության աղավնի» էր, թուրքական Milliyet պարբերականին հղումով գրում է Ermenihaber.am-ը:

Հայազգի պատգամավորն իր ելույթում իշխանությունների հասցեին սուր քննադատություններ է հնչեցրել` ասելով. «Այս պետության վրա 3 մատ հաստությամբ փոշի է նստած: Մեր պարտականությունն է ոչ թե ծածկել այդ փոշին, այլ մաքրել դա: Եթե չմաքրենք, ապա կկրկնվեն հանցագործությունները: Հրանտ Դինքի սպանությունը ծածկեցիք, այդ պատճառով էլ հանացագործությունը կրկնվեց և մեկ այլ «խաղաղության աղավնի»` Թահիր Էլչին սպանվեց: Թահիր էլչին Հրանտ Դինքի նման հավատում էր խաղաղության, եղբայրությանը, ժողովրդավարությանը և պայքարում էր դրանց համար: Երկուսն էլ սպանվեցին: Եվ սա պետության վրա ծանրացած փոշու ապացույցն է: Եթե պետությունը հանցագործություն կատարի, ո՞վ է բացահայտելու, ո՞վ է վերահսկելու»:

Նոյեմբերի 28-ին Թուրքիայում Դիարբեքիր քաղաքում օրը ցերեկով արձակված կրակոցներից մահացել է հայտնի քրդամետ իրավապաշտպան Թահիր Էլչին:

Իրավապաշտպանին սպանել են հենց այն պահին, երբ վերջինս հարցազրույց տալու համար լրագրողներին մոտենալիս է եղել: Արձակված կրակոցներից իրավապաշտպանը մահացել է հիվանդանոցի ճանապարհին, «Lifenews»-ին հղումով գրում է Panorama.am-ը:

Էլչին հայտնի էր, որպես Թուրքիայի նախագահի գործունեությունը քննադատող իրավապաշտպան: Վերջինս նաև ավելի վաղ ձերբակալվել էր այն բանի համար, որ հայտարարել էր, թե Քրդական բանվորական կուսակցությունը ահաբեկչական կառույց չէ: Այդ խոսքերի համար նրան 1.5-ից 7.5 տարի ազատազրկում էր սպառնում: Թուրքիայում թեժ քննարկումների առիթ դարձած այդ հայտարարությունից հետո Էլչիի նկատմամբ գործ էր հարուցել Ստամբուլի Բաքըրքյոյի շրջանային դատախազությունը և ձերբակալման որոշում կայացնելու պահանջով դիմել նույն շրջանի դատարանին:

Օրեր առաջ Էլչին ձերբակալվել էր, այնուհետև երկրից չբացակայելու մասին ստորագրություն տալուց հետո բաց թողնվել:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---