Կասպերսկի. ՀՀ-ն ՏՏ ոլորտում առաջընթացի մեծ ներուժ ունի

Կասպերսկի. ՀՀ-ն  ՏՏ ոլորտում առաջընթացի մեծ ներուժ ունի

PanARMENIAN.Net - Եվրոպական կրթական տարածաշրջանային ակադեմիայում (ԵԿՏԱ) կայացած սեմինարով մեկնարկել է համակարգչային անվտանգության միջազգային առաջատար «Կասպերսկի Լաբորատորիա» ընկերության New Generation խորագրով սեմինարների շարքը։

Այն նոյեմբերի 30-ին և դեկտեմբերի 1-ին կշարունակվի Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանում, Հայ-Ռուսական (Սլավոնական) համալսարանում և Երևանի պետական համալսարանում, հայտնում են Հայաստանում «Կասպերսկի Լաբորատորիա» ընկերության ներկայացուցչությունից:

ՏՏ ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ նախագահի 2015-ի մրցանակին արժանացած «Կասպերսկի Լաբորատորիա» ընկերության գլխավոր տնօրեն Եվգենի Կասպերսկին նշում է. «Հայաստանն ունի ՏՏ ոլորտում հետագա առաջընթացի մեծ հնարավորություններ։ ՏՏ միջազգային շուկայում դիրքերն ամրապնդելու համար երկիրը պետք է մեծացնի որակյալ մասնագետների թիվը՝ կրթական, համալսարանական ծրագրերի զարգացման միջոցով»։

«Կասպերսկի Լաբորատորիա»-ի տարածքային ներկայացուցիչ Արմեն Կարապետյանի խոսքով՝ Երևանի համալսարաններում անցկացվող սեմինարների նպատակը տեղեկատվական տեխնոլոգիաների, մասնավորապես, համակարգչային անվտանգության ոլորտի ապագա մասնագետներին արդիական գիտելիքների փոխանցումն է։

«Համակարգչային անվտանգության միջոցների կիրառումը հաճախ պահանջում է անհատական մոտեցում. յուրաքանչյուր կազմակերպություն ունի համակարգչային անվտանգության իր խնդիրները, որոնց ամբողջական լուծման համար տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի հայ ուսանողները՝ ապագա մասնագետները, ձեռք են բերում համապատասխան գիտելիքներ «Կասպերսկի Լաբորատորիա» ընկերության լավագույն փորձագետներից»,- նշում է Կարապետյանը։

Սեմինարների ընթացքում «Կասպերսկի Լաբորատորիա» ընկերության Հետազոտությունների և սպառնալիքների վերլուծության գլոբալ կենտրոնի ղեկավարի տեղակալ, Ռուսաստանյան հետազոտական կենտրոնի ղեկավար և Հակավիրուսային վերլուծաբանների ամենամյա համաժողովների (Security Analyst Summit) կազմակերպիչ Սերգեյ Նովիկովը ներկայացնում է հետևյալ թեմաները՝

1. Ներածություն։ Ընկերության մասին։ Տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացման հիմնական միտումները

2. Համակարգչային սպառնալիքներ։ Երեկ, այսօր, վաղը

3. Մասնավոր տվյալների պաշտպանություն (Privacy): Խորհուրդներ և հանձնարարականներ։ ԵԿՏԱ-ում կայացած սեմինարի ընթացքում Սերգեյ Նովիկովը պատասխանել է ուսանողների բազմաթիվ հարցերին։

Կարդացեք նաև՝ ՏՏ ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ նախագահի մրցանակը՝ Եվգենի Կասպերսկուն

Կասպերսկի. Աշխարհը գնալով ավելի խոցելի է դառնում կիբերահաբեկչության տեսակետից

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի
---