29 նոյեմբերի 2006 - 16:56 AMT
Թուրքիան չպետք է ինչ-որ դիրքորոշում ունենա Ղարաբաղի հարցում
Եվրամիությունն ու Թուրքիան շատ են խոսում Կիպրոսի հարցի վերաբերյալ, սակայն խնդրի հնարավոր լուծման հույսը շատ աղոտ է: Այդ մասին PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է «The New Anatolian» գործակալության քաղաքական մեկնաբան Նուրսուն Էրելը: Նրա խոսքերով, կան ոշոր հույսեր, կապված ՄԱԿ-ի ծրագրի հետ, որը կարող է շարժել բանակցությունները մեռյալ կետից: «Սակայն թուրքերի եւ կիպրոսցիների շրջանում արդեն ստեղծվել է անվստահության եւ հիասթափության մթնոլորտ: Մենք պետք է միասին քայլեր ձեռնարկենք իրավիճակի շտկման համար»,-նշել է նա: Ինչ վերաբերում է Ադրբեջանի դերին հայ-թուրքական հարաբերությունների հաստատման հարցում, ապա Նուրսուն Էրելը հայտարարել է, որ «Թուրքիան չպետք է որեւէ դիրքորոշում ունենա «կռվախնձոր» դարձած Լեռնային Ղարաբաղի խնդրում: Դա, իր կարծիքով, շատ է խանգարում բարիդրացիական հարաբերությունների հաստատմանը տարածաշրջանում: Ադրբեջանը խանդով է վերաբերվում հայ-թուրքական շփումներին: Օրինակ, երբ հանդիպեցին Հայաստանի եւ Թուրքիայի խոսնակները, Ադրբեջանի միլի մեջլիսի նախագահը շատ «դժգոհ» էր: Ես կարծում եմ, որ հայերի հետ պետք է շփվել բոլոր մակարդակներով: Ի վերջո, նրանք մեծ հետք են թողել Թուրքիայի պատմության եւ մշակույթի մեջ` բավական է նշել միայն Ախթամարի վանքը, որը վերջերս վերականգնվեց Թուրքիայի հայազգի ճարտարապետի կողմից»,-ընդգծել է Էրելը:

  • Հարցազրույցի տեքստն ամբողջությամբ