Ռուսաստանը կշարունակի շփումները քրդերի հետ

Ռուսաստանը կշարունակի շփումները քրդերի հետ

PanARMENIAN.Net - Մոսկվան կշարունակի շփումներն Իրաքի և Սիրիայի քրդերի հետ, հայտարարել է ՌԴ նախագահի Մերձավոր Արևելքի և Հյուսիսային Աֆրիկայի գծով հատոկ ներկայացուցիչ, ՌԴ ԱԳ փոխնախարար Միխայիլ Բոգդանովը/: «Մենք փոխըմբռնում ունենք, որ քրդերը պետք է ներկայացված լինեն Սիրիայում ընդդիմության համախմբան հայրենասիրական հարթակի վրա, այնպես որ կաշխատենք նաև առաջիկայում»,-ասել է Բոգդանովն Ինտերֆաքսին: Նոյեմբերի 25-ին քրդական «Ժողովրդավարական միություն» կուսակցության առաջնորդ Սալիհ Մուսլիմը հայտարարեց, որ սիրիաբնակ քրդերը պատրաստ են փոխգործակցել Ռուսաստանի հետ Սիրիայում ահաբեկչության դեմ պայքարում:

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը մինչ Սիրիայում ՌՏՈւ գործողության մեկնարկը հայտարարել է, որ Բաշար Ասադի ուժերից և քուրդ աշխարհազորայիններից բացի ոչ ոք չի պայքարում ԻՊ և մյուս ահաբեկիչների դեմ Սիրիայում:

Հոկտեմբերի 1-ին ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտարարեց, որ քրդերը ներկայացված են Բաղդադում ԻՊ դեմ պայքաի համակարգման տեղեկատվական կենտրոնում և որ Ռուսաստանը զենքով է ապահովում նրանց Իրաքի կառավարության միջոցով: Ավելի ուշ Ռուսաստանի ԱԳՆ ղեկավար Միխայիլ Բոգդանովը հայտարարեց, որ Ռուսաստանը զենք չի առաքում սիրիացի քրդերին:

Հայտնի դարձավ նաև, որ Թուրքիայում ՌԴ և ԱՄՆ դեսպաններ Անդրեյ Կարլովը և Ջոն Բասը կանչվել են Թուրքիայի ԱԳՆ սիրիացի քրդերին ռազմական օգնության հարցով: ՌԴ ԱԳ փոխնախարար Ալեքսեյ Մեշկովը չի հաստատել հաղորդագրությունները ՌԴ դեսպանին Թուրքիայի ԱԳՆ կանչելու վերաբերյալ:

Սիրիական Քրդստանի առաջնորդ Սալեհ Մուսլիմն ընդգծել է, որ «որպես սիրիացի քրդեր, մենք ցանկանում ենք լինել Սիրիայի մասը: Մենք միշտ մեր ապագան տեսել ենք միասնական ժողովրդավարական սիրիական պետության շրջանակում», հայտնում է «Վզգլյադը»:

ՌԴ նախագահին կից Ռազմավարական հետազոտությունների ռուսական ինստիտուտի տնօրեն, ազգային անվտանգության գեներալ-լեյտենանտ Լեոնիդ Ռեշետնիկովն ավելի վաղ հայտարարել էր, որ ռուսական գործողությունը Սիրիայում ոչ միայն ամրապնդեց Սիրիայի իշխանությունների դիրքերը, այլ նաև սիրիացի քրդերի, որոնք պայքարում են ԻՊ դեմ:

2015-ի սեպտեմբերի 30-ից Ռուսաստանը Սիրիայի նախագահ Բաշար Ասադի խնդրանքով կետային ավիահարվածներ է հասցնում ԻՊ գրոհայինների դիրքերին Սիրիայում` Սու-25 կործանիչների, ինչպես նաև ՍՈւ-24Մ և ՍՈւ-34-ի կիրառմամբ: Ըստ ՌԴ ՊՆ, ռուսական ավիացիան արդեն զգալի վնաս է հասցրել գրոհայինների կառավարման համակարգին և նյութատեխնիկական ապահովմանը, ինչպես նաև մահապարտ ահաբեկիչների պատրաստման ենթակառուցվածքներին:

Մինչդեռ, ինչպես հայտարարել է Մերձավոր Արևելքի և Կենտրոնական Ասիայի երկրների ուսումնասիրության կենտրոնի տնօրեն Սեմյոն Բագդասարովը, ՌԴ-ն պետք է սկսի աջակցել քրդերին` ապահովելով զենքով ու տեխնիկայով: Որովհետև, եթե Թուրքիան որոշի լրջորեն մտնել Սիրիայի տարածք, առաջինը հարվածի տակ կհայտնվեն քրդերը, որի ելքից կախված կլինի պատերազմի հետագա ընթացքը:

«Այս իրավիճակում կասկած չկա, որ պետք է աշխատել քրդերի հետ: Եթե թուրքական կողմից սիրիական սահմանը խախտվի, ամեն ինչ շատ վատ ընթացք կստանա սիրիական բանակի համար, քանի որ միայն ՌԴ օդուժը չի կարողանա այդ հարձակումը կասեցնել: Իսկ քրդերին օգնել կարելի է և պետք է:

Հիմա քրդերը մոտ 70 հազար մարտիկ ունեն, և եթե զենք տրվի, կլինի ևս 150 հազար: Պետք է հասկանալ, որ նրանց դեմ տանկեր գործի կդրվեն: Թուրքերն արդեն մոտ 1000 միավոր զրահատեխնիկա են մոտեցրել սահմանին: Դա վկայում է այն մասին, որ թուրքերը մեծ պատերազմի են պատրաստվում:

Նշանակում է, քրդերին պետք են հակատանկային համալիրներ: Մենք բազմաթիվ նման համալիրներ ունենք դեռ խորհրդային տարիների արտադրության, որոնք կարող են գործի դրվել այս իրավիճակում: Սովորեցնել կարելի է և Սիրիայում, և Ռուսաստանում: Դրա համար մոտ 2 ամիս կպահանջվի: Բայց սկզբից պետք է, որ նախագահ Բաշար Ասադը սեղմի Սալիֆ Մուսլիմի ձեռքը, որպեսզի քրդերը դառնան ԻՊ դեմ կոալիցիայի պաշտոնական մասը»,-ասել է նա, գրում է «Էկոնոմիկա Սեգոդնյա»-ն:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---