Նալբանդյան. Հայկական զորախումբը 2016-ին կշարունակի մասնակցությունը Աֆղանստանում խաղաղապահ առաքելությանը

Նալբանդյան. Հայկական զորախումբը 2016-ին կշարունակի մասնակցությունը Աֆղանստանում խաղաղապահ առաքելությանը

PanARMENIAN.Net - Դեկտեմբերի 1-ին ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը Բրյուսելում՝ ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում ներկա գտնվեց և ելույթ ունեցավ Աֆղանստանում անվտանգության ապահովման «Վճռական աջակցություն» առաքելության մասնակից երկրների արտաքին գործերի նախարարների հանդիպմանը:

Աֆղանստանում տիրող իրավիճակին և միջազգային հանրության անելիքներին նվիրված հանդիպմանը մասնակցում էին ՆԱՏՕ-ի անդամ և «Վճռական աջակցություն» առաքելության մասնակից շուրջ չորս տասնյակ երկրների ԱԳ նախարարներ:

Իր խոսքում նախարար Նալբանդյանը վերահաստատեց Հայաստանի հանձնառությունը՝ շարունակելու օժանդակությունը Աֆղանստանում անվտանգության և ներազգային համերաշխության հաստատման ուղղությամբ գործադրվող միջազգային հավաքական ջանքերին:

«Վճռական աջակցություն» առաքելության մեկնարկից գրեթե մեկ տարի անց իրավիճակը շարունակում է մնալ փխրուն, պահպանվում են մարտահրավերները, իսկ կարողությունների բացը դեռ պետք է լրացնել: Աֆղանստանի ժողովուրդը շարունակում է զգալ մեր աջակցության կարիքը:

Աֆղանստանի կայունության համար շարունակական միջազգային աջակցությունը կարևոր է մի շարք պատճառներով, առաջին հերթին՝ իր ժողովրդի համար: Մենք համոզված ենք, որ դա նաև կարևոր փորձաքար է միջազգային կարողությունների տեսանկյունից՝ մարտահրավերները պատշաճ կերպով դիմագրավելու և լուծումներ գտնելու այն իրավիճակների համար, որոնք ունեն համընդհանուր նշանակություն: Հետևաբար, մեր առաքելության իրականացումը կհանդիսանա միասնական վճռականության և հաստատակամության լուրջ ազդակ՝ հանձնառություններ ստանձնելու և փորձելու լուծումներ գտնել անգամ ամենաբարդ խնդիրների համար:

Անվտանգության սպառնալիքները ոչ միայն Աֆղանստանում, այլև անգամ այնպիսի վայրերում, որոնք մենք չէինք էլ կարող նախկինում պատկերացնել, բացահայտ ցույց է տալիս, որ մեր առաքելությունը չի սահմանափակվում միայն որոշակի աշխարհագրական տարածաշրջանով կամ իրավիճակով, այլ խոսքը գնում է գլոբալ մարտահրավերի մասին, որը պահանջում է միասնական համաձայնեցված արձագանք:

Այս ըմբռնումով էր, որ ավելի քան մեկ տասնամյակ առաջ Հայաստանն սկսեց իր մասնակցությունը խաղաղապահ առաքելություններում՝ սկսելով Կոսովոյից և ապա շարունակելով Իրաքում, Աֆղանստանում, Լիբանանում, Մալիում:

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի՝ խաղաղապահ առաքելությունների հարցերով օգնականը վերջերս հայտարարեց, որ «Հայաստանի աջակցությունը կարևոր է ոչ միայն իր ներդրման, այլև հայոց պատմության և նրա ընթացքում հաղթահարված մարտահրավերների տեսանկյունից»: Հիրավի, պատմությունը մեզ սովորեցնում է, որ մեկի անվտանգությունն, ըստ էության, կապակցված է մյուսների հետ: Եվ նույնիսկ մեր սահմաններին առկա լարվածությունը երբեք չթուլացրեց վճռականությունը՝ մեր ներդրումը բերելու աշխարհում խաղաղության ամրապնդման գործում:

Հայկական զորախումբը 2016թ. ընթացքում ներկայիս մակարդակով կշարունակի իր միջազգային հանձնառությունը «Վճռական աջակցություն» առաքելության շրջանակներում: Մենք պատրաստ ենք մասնակցել ապագա «Տևական գործընկերություն» առաքելության մեջ, երբ այն կփոխարինի «Վճռական աջակցություն» առաքելությանը: Մենք նաև կշարունակենք մեր աջակցությունը Աֆղանստանում ներքին ընդգրկուն խաղաղության ապահովման գործընթացին, բարիդրացիական հարաբերությունների խթանմանը, ինչպես նաև՝ տարածաշրջանային համագործակցությանը:

Մենք համոզված ենք, որ ի վերջո միասին հաջողություն կարձանագրենք՝ Աֆղանստանում խաղաղության, և կայունության հաստատման գործում՝ ի շահ Աֆղանստանի ժողովրդի, տարածաշրջանի և դրանից դուրս», - ասաց նախարար Նալբանդյանը։

Հայ խաղաղապահները 2004 թվականից ընդգրկված են միջազգային խաղաղապահ առաքելություններում: 2014-ի նոյեմբերին Լիբանան մեկնեց հայ խաղաղապահների 32 հոգանոց ստորաբաժանումը: Հայկական խաղաղապահ ստորաբաժանումն իտալական զորախմբի կազմում մասնակցում է ՄԱԿ-ի հովանու ներքո իրականացվող «Լիբանանում Միացյալ Ազգերի Կազմակերպության ժամանակավոր ուժեր» (ՅՈՒՆԻՖԻԼ) առաքելությանը և իրականացնում է ՄԱԿ-ի զինավանի անվտանգության ապահովում: Աֆղանստանից և Լիբանանից բացի հայ խաղաղապահներն առաքելություն են կատարում նաև Կոսովոյում:Նախկինում հայ խաղաղապահներն առաքելություն են կատարել նաև Իրաքում:

 Ուշագրավ
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
«Այն անպայման կցուցադրվի, սակայն պարզ չէ, թե երբ»,–ասել է Սեիդովը
---