2 դեկտեմբերի 2015 - 12:04 AMT
Ասադը` ռուսական Սու-24-ի խոցման և ԻՊ հովանավորների մասին

Սիրիայի նախագահ Բաշար Ասադը կարծում է, որ թուրքական օդուժի կողմից ռուսական Սու-24-ի խոցման պատճառը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի անհաշտ կեցվածքն է: Նա այդպիսի կարծիք է հայտնել Չեխական հեռուստատեսությանը տված հարցազրույցում, որի վերծանումն է ներկայացնում սիրիական պաշտոնական «ՍԱՆԱ» գործակալությունը:

Ըստ Սիրիայի նախագահի, Էրդողանի նյարդերը տեղի են տվել, քանի որ Ռուսաստանի միջամտությունը փոխել է ուժերի բալանսը: «Էրդողանի ձախողումը Սիրիայում, նրա ահաբեկչական խմբավորումների ձախողումը նրա քաղաքական վերջն են ազդարարում»,-կարծում է Ասադը: Նա հավելել է, որ այն, ինչ արեց Էրդողանն, ի զորու չէ փոխել ուժերի հարաբերակցությունը:

«Ահաբեկչության դեմ պատերազմը շարունակվում է, ռուսական աջակցությունը ավելի մեծ կլինի»,-վստահ է Ասադը: Սիրիայի նախագահը ուշադրությունը հրավիրել է այն բանին, որ այն ընթացքում , երբ ԻՊ դեմ օդային գործողություններ էր իրականացնում ԱՄՆ գլխավորած կոալիցիան, ԻՊ-ն ավելի հզորացավ, ընդլայնվեց, ռեսուրսներ հավաքեց ամբողջ աշխարհից: Իսկ ՌԴ ռմբակոծությունների արդյունքում, հակառակը, կորուստներ է կրում, ինչպես և «Ջեբհաթ ան Նուսրան»:

Ըստ Ասադի, ահաբեկիչները դրամական միջոցներ և համալրում են ստանում հիմնականում Թուրքիայի տարածքով Սաուդյան Արաբիայի և Քաթարի աջակցությամբ: Հաղթելու համար ահաբեկիչներին` հարկավոր է փակել մատակարարման ուղիները, ասել է նա:

Անդրադառնալով ընդդիմությանը` Ասադն ասել է, որ իսկական ընդդիմությունը կարող է ձևավորվել միայն երկրի ներսում: Ֆրանսիայում, Քաթարում, Սաուդյան Արաբիայում, ԱՄՆ-ում կամ Մեծ Բրիտանիայում գործող ընդդիմությունը հայրենասիրական չէ: Իսկ զինված ընդդիմությունն ահաբեկիչներ են, ասել է Սիրիայի նախագահը:

Սիրիայի կառավարությունը համաներում է առաջարկում այն գրոհայիններին, որոնք զենքը վայր կդնեն և կանցնեն խաղաղ աշխատանքի:

Խոսելով Սիրիայի ապագայի մասին` Ասադն ասել է, որ գլխավոր նպատակը ահաբեկչությանը հաղթելն է և աշխարհիկ հանրության պահպանումը: Սեփական ճակատագրի մասին նախագահն ասել է, որ կվարվի այնպես, ինչպես կորոշի Սիրիայի ժողովուրդը, հայտնում է Lenta.ru-ն:

«Եթե պատերազմ է, պետք է անես քո աշխատանքը, որպեսզի պաշտպանես երկիրը, հակառակ դեպքում դավաճան կլինես»,-ասել է Ասադը:

2015-ի սեպտեմբերի 30-ից Ռուսաստանը Սիրիայի նախագահ Բաշար Ասադի խնդրանքով կետային ավիահարվածներ է հասցնում ԻՊ գրոհայինների դիրքերին Սիրիայում` Սու-25 կործանիչների, ինչպես նաև ՍՈւ-24Մ և ՍՈւ-34-ի կիրառմամբ: Ըստ ՌԴ ՊՆ, ռուսական ավիացիան արդեն զգալի վնաս է հասցրել գրոհայինների կառավարման համակարգին և նյութատեխնիկական ապահովմանը, ինչպես նաև մահապարտ ահաբեկիչների պատրաստման ենթակառուցվածքներին:

Նոյեմբերի 24-ին թուքական F-16 կործանիչը ռուսական Սու-24 ինքնաթիռ է խոցել Սիրիայի հետ սահմանին: Սու-24 ռուսական ռազմական ինքնաթիռը խոցվել է Սիրիայի տարածքում «օդ-օդ» հրիթռով, հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը: Ըստ ՌԴ նախագահի, ռուս օդաչուներն ու ռուսական ինքնաթիռը չէին սպառնում Թուրքիային: «Սու-24 ռուսական ռազմական ինքնաթիռի խոցումը հարված է թիկունքից, որ հասցրեցին ահաբեկիչներին աջակցողները»,-ասել է նա: Միաժամանակ ՌԴ նախագահը հայտարարել է, որ ՌԴ-ն վաղուց է ֆիքսել, որ Թուրքիայի տարածքում շատ նավթ կա, որը ստացվում է ԻՊ կողմից վերահսկվող հանքերից: