2 դեկտեմբերի 2015 - 12:42 AMT
Նոր ձերբակալություններ Նարդարանում. Փաստացի արտակարգ դրության միջոցներ են գործում

Դեկտեմբերի 1-ին Ադրբեջանի ուժային կառույցները ևս 20 ձերբակալություն են իրականացրել Բաքվից 30 կիլոմետր հեռավորության վրա գտնվող Նարդարանում: Այդ մասին Turan-ին է հայտնել ավագանու խորհրդի ղեկավար Նաթիգ Կերիմովը: Ըստ նրա, ոստիկանական գործողության նպատակը զենքի առգրավումն էր: Մասնավորապես, ՆԳՆ փոխղեկավար Վիլայաթ Էյվազովը հանդիպում է ունեցել տեղաբնակների հետ` կոչ անելով հանձնել առկա զենքը:

Դեկտեմբերի 1-ին Ադրբեջանի ներքին զորքերի ուժեղացված ստորաբաժանումները մուտք են գործել Նարդարան ավան, որտեղ անցած շաբաթ հավատացյալների և ոստիկանության միջև տեղի ունեցած բախման հետևանքով 7 մարդ է զոհվել:

Ներքին զորքերի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Շահին Մամեդովն, իր հերթին, ԱզՏՎ-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ «հատուկ օպերատիվ միջոցառումները Նարդարանում կշարունակվեն մինչ դրված խնդիրների ամբողջական իրականացումը և անվտանգության ապահովումը», հայտնում է contact.az-ը:

Նա հավելել է, որ «Նարդարանում խստորեն պահպանվում է անցագրային ռեժիմը», չնշելով գործողության ժամկետները: ԱզՏՎ-ն նաև կրոնական բովանդակության պաստառների ապամոնտաժման կադրեր է ցուցադրել:

Մինչդեռ, ավանում նախկինի պես չկա էլեկտրականություն, չի աշխատում ֆիքսված հեռախոսակապը, փակ են խանութներից շատերը: Ոստիկանները պահանջում են բնակիչներից տնից դուրս չգալ: Փաստորեն իրականացվում են արտակարգ դրությանը բնորոշ միջոցառումներ, որը սակայն պաշտոնապես հայտարարված չէ:

Բաքվից ընդամենը 25 կիլոմետր հեռավորության վրա գտնվող այս շրջանը հայտնի է իր խիստ իսլամապաշտ բնակչությամբ։ Խորհրդային տարիներից ի վեր մոտ 10 հազար բնակչություն ունեցող շրջանը կառավարվում է ավագների խորհրդի կողմից, որը չի ենթարկվում տեղական ինքնակառավարման մարմիններին։ Նարդարանի և պաշտոնական Բաքվի միջև լարվածությունը գագաթնակետին է հասել նոյեմբերի 26-ին, երբ ցերեկային նամազի ժամանակ Ադրբեջանի իրավապահները ներխուժեցին ավան, ինչն էլ հարուցեց հավատացյալների դժգոհությունը։ Ըստ ոստիկանության՝ հավատացյալները հարձակվել են իրավապահների վրա, զինված դիմադրություն են ցույց տվել, ինքնաձիգից կրակել են, ոստիկաններն էլ պատասխան կրակ են բացել:

Ադրբեջանական դատախազությունը պաշտոնական հայտարարությամբ պնդել է, որ Նարդարանի արմատական իսլամական զինված խումբը սադրանքների շարք էր նախապատրաստում՝ ահաբեկչական գործողություններ և զանգվածային անկարգություններ: