2 դեկտեմբերի 2015 - 13:42 AMT
The Financial Times-ն իր մեթոդներն է առաջարկում Արևմուտքին ԻՊ դեմ պայքարում

Փարիզյան հարձակումներից հետո արևմտյան քաղաքական գործիչներից շատերը մտածում են, թե ինչպես ոչնչացնել «Իսլամական պետության» գրոհայիններին ռումբերի ու ցամաքային գործողությունների միջոցով, մինչդեռ, գրոհայիններին չի կարելի հաղթել զուտ ուժային մեթոդներով, գրում է The Financial Times-ը:

Հոդվածի հեղինակը կարծում է, որ ԻՊ ոչնչացման համար հարկավոր է հեղինակազրկել խմբավորումը, իսկ դրա համար սուննի մահմեդականների օգնությունն է հարկավոր: Չի կարելի թույլ տալ, որ ԻՊ-ն լինի սուննիների շահերը պաշտպանող միակ կողմը, չի կարելի թույլ տալ ԻՊ-ին համոզել սուննիներին, որ Արևմուտքը պատերազմում է նրանց դեմ:

Հեղինակը նաև կարծում է, որ Մոսկվան պետք է լիարժեք մասնակցություն ունենա ԻՊ դեմ պայքարին: Ուստի հարկավոր է համոզել ՌԴ նախագահ Պուտինին հրաժարվել Ասադին աջակցելուց, քանի որ վերջինիս պաշտոնավարումը միայն երկարացնում է հակամարտության ընթացքը: Եթե Ռուսաստանը չպահանջի կրակը դադարեցնել Սիրիայի և Իրանի դաշնակիցներից, ապա ԱՄՆ-ն ստիպված կլինի անվտանգ գոտի ստեղծել, որը ոչ միայն կխանգարի Պուտինին աջակցել Ասադին, այլ նաև կսահմանափակի նրա ազդեցությունը տարածաշրջանում:

Այնուամենայնիվ Եվրոպայի համար թռիչքներից զերծ գոտու ստեղծումը շահավետ կլինի, քանի որ թույլ կտա կասեցնել փախստականների հոսքը: Այն նաև կբխի Թուրքիայի, Սաուդյան Արաբիայի, Քաթարի ու Էմիրությունների շահերից, որոնք ցանկանում են նվազեցնել կորուստները սիրիացի սուննիների շրջանում, գրում է Gazeta.ru-ն:

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Գերմանիան անհրաժեշտ է համարում Ասադի և ընդդիմության հաշտեցումը: Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզում նոյեմբերի 13-ի երեկոյան 7 ահաբեկչական հարձակում է իրականացվել։ Ըստ վերջին տվյալների, «Բատակլան» թատրոնում, «Ստադ դե Ֆրանս» ստադիոնի մոտակայքում ու Փարիզի ևս 5 այլ կետում միաժամանակյա հարձակումների ընթացքում զոհվել է 132 մարդ, մոտ 350 հոգի վիրավոր է։Ֆրանսիայում նախագահի հրամանով ատրակարգ դրություն է հայտարարված: