2 դեկտեմբերի 2015 - 13:52 AMT
«Բժիշկ մահի»` Ջեք Գևորգյանի արխիվը ցուցադրվել է Միչիգանի համալսարանում

ԱՄՆ-ի Միչիգանի համալսարանում բացվել է հանրահայտ «բժիշկ մահի»` էվթանազիայի քարոզիչ Ջեք Գևորգյանի արխիվային նյութերի ցուցադրությունը:

Համալսարանում ներկայացված նյութերի թվում կան Գևորգյանի բազմաթիվ մահամերձ հիվանդների մասնակցությամբ տեսանյութեր, լուսանկարներ, էվթանազիայի կիրառման վերաբերյալ շատ փաստաթղթեր, Asbarez.com-ին հղումով գրում է Tert.am-ը:

Աղբյուրը մանրամասնում է, որ նրա անմիջական օգնությամբ 130-ից ավելի ծանր հիվանդներ հեռացել են կյանքից, իսկ երբ այս պատմությունների մասին հրապարակայնորեն հայտնի է դարձել, Գևորգյանին կնքել են «բժիշկ մահ» խորհրդանշական մականունով` նրա հասցեին ուղղելով սուր քննադատության հսկայական ալիք։ Իր հակաօրինական գործունեության պատճառով նա մի քանի տարի անցկացրել է բանտում։

Միչիգանի բժշկական դպրոցի շրջանավարտ Գևորգյանը մահացել է 2011-ին Դետրոյթում։

Ջեք Գևորգյանը ամերիկահայ բժիշկ է, որը էվթանազիա էր քարոզում: Զբաղվելով բժշկական պրակտիկայով` նա հանդես եկավ էվթանազիայի պաշտպանությամբ այն դեպքերում, երբ հիվանդին այլևս անհնար է բժշկական օգնություն ցուցաբերելլ, և որի տանջանքները չարժեն, որպեսզի նա շարունակի ապրել: 1989թ. նա մշակեց և կառուցեց այսպես կոչված «ինքնասպանության մեքենան» (մերսիտրոն), որն անալգետիկների և թունավոր դեղահաբերի մահացու չափաբաժին է ներարկում այլ միջոցներով սեփական կյանքին վերջ տալու անընդունակ հիվանդի արյան մեջ: 1990թ. հունիսի 4-ին օգտագործելով մերսիտրոնը` իր կյանքին վերջ տվեց առաջին հիվանդը, որը տառապում էր Ալցհեյմերի հիվանդությամբ:

Ընդհանուր առմամբ 1990-1998թթ. մերսիտրոնից օգտվել են ավելի քան 130 մարդ: Գևորգյանի գաղափարները վճռականորեն դատապարտվել են բժշկական ընկերակցության և ԱՄՆ իշխանությունների կողմից: 1991թ. Գևորգյանին զրկեցին բժշկական պրակտիկայով զբաղվելու լիցենզիայից: Հետագայում նա չորս անգամ դատարան է ներկայացել, սակայն արդարացվել է վկաների ցուցմունքների պակասի պատճառով: 1999 թվականի մարտին Ջեք Գևորգյանը մեղադրվեց երկրորդ աստիճանի ուղղակի սպանության մեջ: Դատարանի վճռով Գևորգյանը 10-25 տարվա ազատազրկման դատապարտվեց Միչիգան նահանգի ուղղիչ հիմնարկում: 2007 թվականի հունիսի 1-ին լավ վարքի համար նահանգի պայմանական վաղաժամ ազատման Հանձնաժողովի որոշմամբ 79-ամյա Ջեք Գևորգյանին ժամկետից երկու տարի շուտ ազատ արձակեցին: