2 դեկտեմբերի 2015 - 14:13 AMT
Նախարար. Դատափորձագիտական գործունեությունը կարգավորող օրենք պետք է լինի

Վերջին տարիներին Հայաստանում դատափորձագիտական գործունեության ոլորտը մեծ կարևորություն է ձեռք բերել՝ պայմանավորված երկրում միջազգային առաջադեմ փորձի, միջազգային չափանիշների կիրառմամբ և ներդրմամբ: Այս մասին հայաստանում դատափորձագիտական գործունեությունը կարգավորող օրենքի նախագծի հիմնադրույթներին նվիրված կլոր սեղան քննարկման ժամանակ ասել է ՀՀ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը:

«Դատական փորձաքննությունների պատշաճ և ժամանակին իրականացումը, դրա արդյունքում սահմանված, բոլոր պահանաջներին համապատասխանող եզրակացությունը քրեական, վարչական, քաղաքացիական գործերով պատշաճ արդարադատության կարևորագույն գրավականներից մեկն է:

Նշված գործերով վարույթների կամ ընթացակարգերի շրջանակում ապացուցման գործընթացում առավել կարևոր դեր և նշանակություն է տրվում ժամանակակից գիտատեխնիկական նվաճումների վրա հիմնված մասնագիտական եզրակացություններին»,- նշել է նախարարը՝ հավելելով, որ դատական փորձաքննության պատշաճ և ժամանակին կատարումը կարևոր է նաև անձի իրավունքների ապահովման տեսանկյունից, գրում է Panorama.am-ը:

Հովհաննիսյանի խոսքով, այսօրվա խնդիրները, հասարակական պահանջը պարտադրում է ունենալ իրավական ակտ, ոլորտը կարգավորող օրենք, որով պատասխան կտրվեն տեսական, գործնական բնույթի մի շարք խնդիրների:

Այդ օրենքը պետք է արտացոլի Հայաստանում իրականացվող դատաիրավական բարեփոխումների ընթացքը, համապատասխանի միջազգային չափանիշներին, փորձին:

Լրագրողների հետ զրույցում պատասխանելով հարցին, թե հաշվի առնելով օրենքի բացակայությունը, կարելի՞ է ասել, որ մինչ օրս փորձաքննությունները սուբյեկտիվ ու կամայական դաշտում են եղել, նախարարը պատասխանել է, որ կխուսափի նման պնդում անելուց, որովհետև փորձաքննությունների ոչ պատշաճ որակի նկատմամբ հսկողություն իրականացնելու համար կան նաև դատավարական ընթացակարգեր ու մեխանիզմներ։