ՄԽ համանախագահները ԼՂ հիմնահարցը քննարկել են Ֆրանսիայի եվրոպական հարցերով պետքարտուղարի հետ

ՄԽ համանախագահները ԼՂ հիմնահարցը քննարկել են Ֆրանսիայի եվրոպական հարցերով պետքարտուղարի հետ

PanARMENIAN.Net - ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Ջեյմս Ուորլիքը (ԱՄՆ), Իգոր Պոպովը (ՌԴ) և Պիեռ Անդրիեն (Ֆրանսիա) Բելգրադում հանդիպել են Ֆրանսիայի եվրոպական հարցերով պետքարտուղար Հառլեմ Դեզիրին` ԵԱՀԿ անդամ պետությունների ԱԳ նախարարների 22-րդ խորհրդի շրջանակներում: ԵԱՀԿ ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը Twitter-ի իր միկրոբլոգում գրել է, որ հանդիպմանը քննարկվել է ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցը:

«Ուրախ եմ հանդիպել Ֆրանսիայի եվրոպական հարցերի գծով պետքարտուղար Հառլեմ Դեզիրին Բելգրադում ՝ ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորումը քննարկելու նպատակով: Կաշխատենք միասին»,- գրել է Ուորլիքը:

Ավելի վաղ ԵԱՀԿ Մինսկի խմբի միջնորդները ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման հարցով խորհրդակցել են Նյու Յորքում և Վաշինգտոնում: ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահները անհանգստացած են Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում քաղաքացիական բնակչության դեմ ծանր զինատեսակների կիրառման վտանգից: Այս մասին գրել էր ԵԱՀԿ-ում Մեծ Բրիտանիայի դեսպան Շան ՄըքԼեոդը Twitter-ի իր միկրաբլոգում:

Ավելի վաղ ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն, արձագանքելով Ադրբեջանի արտգործնախարարի պնդումներին, ասել է. «Պետք չէ ներկայացնել Ադրբեջանի մոտեցումները որպես եռանախագահների դիրքորոշում, առավելևս, որ այդ տարրերը և սկզբունքները հրապարակված են հինգ հայտնի հայտարարություններում։

Մենք՝ այստեղ բոլոր ներկաներս, կարող ենք միայն մեր տարակուսանքը հայտնել, ինչպես դա եղավ Ռիգայի գագաթաժողովի ժամանակ, երբ Ադրբեջանը մերժեց բոլորի՝ Եվրամիության և Արևելյան գործընկերության երկրների կողմից գագաթաժողովի Եզրափակիչ հռչակագրում առաջարկված ձևակերպումը՝ ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման վերաբերյալ, որը հիմնված էր եռանախագահող երկրների ղեկավարների հայտնի հայտարարությունների վրա։ Դրանք, ինչպես հայտնի է, արտացոլում են մեկ ամբողջություն հանդիսացող` հիմնախնդրի կարգավորման սկզբունքները և տարրերը։ Հայտնի է համանախագահ երկրների, բնակաբար նաև` Ռուսաստանի` Միացյալ Նահանգների և Ֆրանսիայի հետ միասնական մոտեցումն առ այն, որ այդ սկզբունքների և տարրերի նկատմամբ ընտրովի մոտեցումը անհնարին կդարձնի հիմնախնդրի կարգավորումը»։

Իսկ այն, ինչպես ներկայացնում է Ադրբեջանի արտգործնախարարը և փորձում է դա վերագրել Սերգեյ Լավրովին, այդպիսի մոտեցում Ռուսաստանի արտգործնախարարը հայկական կողմին չի արտահայտել, չեմ էլ կարծում, որ նման մոտեցում արտահայտած լինի ադրբեջանական կողմին: Պետք չէ գլխիվայր դնել իրականությունը»,-ասել է ՀՀ արտգործնախարարը:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---