3 դեկտեմբերի 2015 - 12:40 AMT
Իսպանիայի ՍԴ-ն չեղարկել է Կատալոնիայի անկախության մասին բանաձևը

Իսպանիայի Սահմանադրական դատարանը չեղարկել է Կատալոնիայի անկախության մասին բանաձևը, որով նախատեսվում էր գործողությունների ծրագրի մշակում, որի արդյունքում 2017-ին անկախություն պետք է հռչակվի: Ավելի վաղ փաստաթղթին դեմ հանդես եկավ Իսպանիայի կառավարությունը, որը դիմել էր ՍԴ`պահանջելով արգելափակել բանաձևը:

Միաժամանակ Իսպանիայի Ազգային դատարանի դատախազությունը մեղադրանք է առաջադրել Կատալոնիայի 5 քաղաքապետարաններին «անհնազանդության և պետական կարգի բռնի փոփոխության հրապարակային կոչերի համար»: Մեղադրանքի պատճառը քաղաքապետարանների ընդունած փաստաթղթերն են Կատալոնիայի խորհրդարանի «Իսպանիայից անկախացման գործընթացի մեկնարկի մասին» բանաձևի վերաբերյալ: Հայցերը ներկայացվել են Սան Կուգատ դել Վալիեսսա, Իգուալադա, Սելիերա, Սեո դե Ուրժելիա քաղաքների քաղաքապետարանների դեմ, հայտնում է Armenia Today-ը:

Նոյեմբերի 11-ին Իսպանիայի կառավարությունը արտահերթ նիստում որոշում է կայացրել հայցով դիմել Սահմանադրական դատարան Կատալոնիայում ընդունված անկախացման գործընթացի մասին բանաձևն ապօրինի ճանաչելու մասին հայցով: «Նրանք առաջարկում են վերջ տալ ժողովրդավարությանն ու իրավական պետությանը, որը մեզ միավորել է դարեր շարունակ: Մենք դա թույլ չենք տա: Ես դա թույլ չեմ տա»,-հայտարարել է Իսպանիայի կառավարության նախագահ Մարիանո Ռախոյը: «Խոսքը երկրի պաշտպանության մասին է: Մենք խոսում ենք ազգերի ինքնիշխանության պահպանման մասին: Ոմանք փորձում են կասկածի տակ դնել Իսպանիայի ամբողջականությունը: Սակայն ինքնիշխանությունը Իսպանիայի ամբողջ ժողովրդինն է»,-ասել է Ռախոյը:

Նոյեմբերի 9-ին Կատալոնիայի խորհրդարանը բանաձև է ընդունել, որով «հռչակվում է կառավարման հանրապետական ձևով անկախ պետության ստեղծման գործընթացի մեկնարկը»: «Անկախացման գործընթացը» ենթադրում է կառավարության, այլ պետկառույցների ձևավորում և սահմանադրության մշակում: Նոր սահմանադրության ընդունումից հետո անկախությունը կհռչակվի պաշտոնապես: Այս ամենը կտևի մոտ 18 ամիս:

Անկախության գաղափարն արմատավորված է կատալոնացիների շրջանում, որոնք միլիոնանոց հանրահավաքներ են կազմակերպում հօգուտ անկախության:Կատալոնացիները պայքարում են անկախության համար արդեն 200 տարի՝ փաստացի, 1714 թ. Բարսելոնայի ճակատամարտում պարտվելուց հետո Իսպանիայի կազմի մեջ մտնելու պահից: Այդ ժամանակներից ի վեր արդեն 3 դար է պայքար է գնում անկախության համար: 1979 թ. Կատալոնիան ինքնավարություն ստացավ, այն ժամանակ էլ պաշտոնապես ճանաչվեց կատալոնական լեզվի գոյությունը: Տարածաշրջանի տնտեսական հաջողությունները նպաստում են անջատողական տրամադրություններին՝ 203 մլրդ եվրո ՀՆԱ-ն մոտավորապես համարժեք է Դանիայի կամ Ֆինլանդիայի տնտեսություններին, իսկ մեկ շնչի համար ՀՆԱ-ն այստեղ ավելի բարձր է, քան միջինը Իսպանիայում ու ԵՄ-ում:

Կատալոնիայի արտահանումը ընդհանուր իսպանական արտահանման 26 տոկոսն է կազմում, այդ թվում արտահանման 65 տոկոսը բաժին է ընկնում ԵՄ երկրներին: Տարածաշրջանում է գրանցված Իսպանիայում գործող բոլոր օտարերկրյա ընկերությունների 38 տոկոսը: Տարածաշրջանի բնակչությունը մոտ 7,5 միլիոն է, տարածքը՝ մոտ 32 հազար քառակուսի կիլոմետր: Անջատողական տրամադրություններն ուժեղ են նաև Իսպանիայի այլ տարածաշրջաններում՝ Բասկերի Երկրում ու Անդալուսիայում: