30 նոյեմբերի 2006 - 14:31 AMT
Դեռեւս վաղ է խոսել Իրան-Հայաստան գազամուղը որեւէ օպերատորի փոխանցելու մասին
Հայաստանի եւ Ռուսաստանի հարաբերությունների բնութագրումը «ռազմավարական համագործակցություն» տերմինով վկայում է գրեթե բոլոր ոլորտներում շատ բարձր մակարդակի հարաբերությունների մասին: Այդ մասին հայտարարել է ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանը «Կոմերսանտ» թերթին տված հարցազրույցում: Նրա խոսքերով, Հայաստանի եւ Ռուսաստանի ռազմավարական գործընկերության հիմքում սերտ համագործակցությունն է քաղաքականության, ռազմական, առեւտրա-տնտեսական, գիտատեխնիկական, հումանիտար ոլորտներում, ազգային շահերի պահպանումն է: «Ես չէի ցանկանա առանձնացնել գազի ոլորտը որպես մեր ռազմավարական գործընկերության անկյունաքար: Գազը Հայաստանի եւ Ռուսաստանի էներգետիկ համագործակցության ոլորտներից միայն մեկն է: Մենք արդյունավետորեն ենք համագործակցում ատոմային էներգետիկայի, ջերմա- եւ հիդրոէներգետիկայի եւ այլ ոլորտներում: Ռուսաստանն ունի իր հիմքերը գազի գները բարձրացնելու համար, որոնք պայմանավորված են բազմաթիվ գործոններով: Սակայն միեւնույն ժամանակ մեր ռազմավարական համագործակցությունը պետք է ապահովագրված լինի ընթացիկ քաղաքական եւ տնտեսական կոնյուկտուրայից եւ բխի երկարաժամկետ համագործակցության տրամաբանությունից»,-նշել է Ա.Մարգարյանը: Պատասխանելով Իրան-Հայաստան գազամուղը «Գազպրոմի» վերահսկողությանը հանձնելու հնարավորության վերաբերյալ հարցին` ՀՀ վարչապետը հայտարարել է. «Գազամուղի շինարարությունը դեռեւս ավարտված չէ եւ վաղ է խոսել այն որեւէ օպերատորի, այդ թվում եւ «Գազպրոմին» փոխանցելու մասին: Հայաստանն ու Իրանը վաղուց արդեն հաջողությամբ համագործակցում են էներգետիկայի ոլորտում, եւ Իրան-Հայաստան գազամուղը երկկողմ առանցքային էներգետիկ նախագծերից մեկն է: Այն գտնվում է կառուցման փուլում եւ մոտ ապագայում տեղի կունենա գազամուղի առաջին հատվածի բացումը: Դա 39,5 կմ երկարությամբ Մեղրի-Քաջարան հատվածն է»: