3 դեկտեմբերի 2015 - 13:17 AMT
Նախագահը՝ վնասազերծված խմբի մասին. Նողկալի լուրեր են տարածում նրանք, ովքեր երջանիկ կլինեին, եթե նոր հոկտեմբերի 27 լիներ

Նոյեմբերի 25-ին Երևանում տեղի ունեցած զինված խմբի վնասազերծման ուղղված օպերատիվ գործողությունն իրականացվել է շատ բարձր մակարդակով՝ սկսած այն պահից, երբ այդ մարդիկ հայտնվել են Ազգային անվտանգության ծառայության տեսադաշտում, ընդհուպ մինչև վնասազերծումը:

Այդ մասին հայկական հեռուստաընկերությունների հետ հարցազրույցի ժամանակ հայտարարել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:

Նա ընդգծել է, որ պետք է շնորհակալություն հայտնել Ազգային անվտանգության ծառայությանը, և ոստիկանությանը՝ «աղետը կանխելու համար»: Անդրադառնալով ոստիկանության ու ԱԱԾ աշխատանքը, Սերժ Սարգսյանի ձևակերպմամամբ, թերագնահատող մարդկանց ձևակերպումներին, նախագահը վստահություն հայտնեց, որ նրանք Հայաստանի հասարակության մեջ փոքրամասնություն են:

«Ես, համենայնդեպս, շաբաթ օրը եղել եմ Հանրապետության երկու մարզերում, շփվել եմ շատ մարդկանց հետ և այդ մարդիկ ուղղակի ասում են՝ շնորհակալություն հայտնեք Ազգային անվտանգության ծառայությանը և Ոստիկանությանը: Հասկանու՞մ եք, եթե հնարավոր լիներ կանխել այդպիսի գործողությունները, աշխարհը շատ ավելի լավը կլիներ: Մեր պարագայում՝ մենք կարողացել ենք կանխել: Ընդհանրապես, կանխարգելիչ աշխատանքը չի գնահատվում ամբողջ աշխարհում և, մասնավորապես, մեր երկրում: Երբ գործողությունը տեղի է ունենում, այն ժամանակ են ասում` բա ինչու՞ չկանխարգելեցիք», - ասել է նախագահը:

«Պատկերացնու՞մ եք՝ մեկ միլիոնանոց քաղաքում օգտագործվի քառասուն հատ նռնակ, գործեն տասնմեկ ավտոմատ, պայթուցիկ նյութեր... Եգիպտոսից Ռուսաստան թռչող ինքնաթիռն ի՞նչ է, ատոմային ռումբո՞վ են կործանել: Պայթուցիկ սարք է, որ դրել են ինքնաթիռի մեջ: Ուղղակի, այդ լուրերը, այդ նողկալի լուրերը տարածում են այն մարդիկ, ովքեր ափսոսացել են, որ այդ խումբը վնասազերծվել է, որովհետև նրանք շատ երջանիկ կլինեին եթե խումբը գործեր, մեր երկրում նոր հոկտեմբերի 27 կամ ավելի քիչ ծանր, կամ առավել ծանր դեպքեր տեղի ունենան», - ընդգծել է Սերժ Սարգսյանը:

«Այդ ո՞ր երկրում եք տեսել այդպիսի թափանցիկ գործողություններ կատարեն ու չհամբերեն մի շաբաթ, երկու շաբաթ, երեք շաբաթ, որպեսզի քննությունն ամբողջականացնի, ներկայացնի հանրությանը կամ ուղարկի դատարան: Լավ, գոնե չեն համբերում տասը օր, տասնհինգ օր, մեկ ամիս, բայց երբ դատարանում կտեսնեն, որ ապացույց չկա, այն ժամանակ մենք կմեղադրենք Ազգային անվտանգության մարմիններին», - շեշտել է ՀՀ նախագահը:

Նոյեմբերի 25-ին ՀՀ ԱԱԾ մարմինների օպերատիվ քննչական աշխատանքների արդյունքում բացահայտվել է կազմակերպված հանցավոր խմբակցություն, որը նպատակ ուներ ՀՀ տարածքում մի շարք ծանր հանցագործություններ կազմակերպել: Խուզարկությունների ընթացքում հայտնաբերվել են տարբեր տեսակի ինքնաձիգեր, ատրճանակներ, նռնականետեր (այդ թվում «մուխա» տեսակի), նռնակներ, պայթուցիկ նյութեր և պայթուցիկ սարքեր, կապի միջոցներ, փամփուշտներ, փամփշտակալներ, ռազմական հանդերձանք՝ այդ թվում զրահաբաճկոններ: Գործով կալանավորվել է 21 անձ,այդ թվում՝ կանայք: