3 դեկտեմբերի 2015 - 15:20 AMT
€83 մլն-ի վարկ՝ «Կովկասյան էլեկտրահաղորդման ցանց III» ծրագրին

ՀՀ կառավարությունը դեկտեմբերի 3-ի նիստում հավանության է արժանացրել Հայաստանի Հանրապետության` ի դեմս ֆինանսների նախարարության և Վերականգնման վարկերի բանկի (KfW) միջև «Կովկասյան էլեկտրահաղորդման ցանց III» ծրագրի 2-րդ փուլի 83 մլն եվրո արժողությամբ վարկային և ծրագրային համաձայնագրի նախագիծը:

Ծրագրի շրջանակում տրամադրվելիք վարկային միջոցները օգտագործվելու են Դդմաշենում ենթակայանի կառուցման, էլեկտրահաղորդման գծերի և բաշխիչ էլեկտրացանցերի վերականգնման և վերակառուցման, սարքավորումների և մեքենաների շահագործման համար։

Վարկը տրամադրվում է 15 տարի մարման ժամկետով, որից 5-ը՝ արտոնյալ, տարեկան տոկոսադրույքը ֆիքսվելու է ստորագրման օրը, տարեկան պարտավճար՝ 0,25%, կառավարման վճար՝ վարկի գումարի 1%, ժամկետանց վճարումների համար հաշվարկվող տույժը` համապատասխան ժամանակահատվածի տոկոսադրույքին գումարած 2% դրույքաչափով:

ՀՀ Ազգային ժողովը նոյեմբերի 13-ին վավերացրել է ՀՀ և Եվրոպական ներդրումային բանկի միջև 2015-ի մարտի 16-ին ստորագրված «Կովկասյան էլեկտրահաղորդման ցանց» 10 մլն եվրո ծավալով վարկային պայմանագիրը՝ Հայաստանից դեպի Վրաստան էլեկտրահաղորդման գծի կառուցման համար նախատեսված:

10 մլն եվրոն կտրամադրվի «Կովկասյան էլեկտրահաղորդման ցանց» ծրագրի համար: 105.2 մլն եվրո ընդհանուր արժողությամբ ծրագրի 1-ին փուլի շրջանակում նախատեսվում է կառուցել Հայաստանի և Վրաստանի միջև առաջին 400 կՎ-անոց էլեկտրահաղորդման գիծը, որը շուրջ 3 անգամ կավելացնի երկու երկրների էներգահամակարգերի միջև հոսքերի թողունակությունը: