3 դեկտեմբերի 2015 - 15:50 AMT
ԱՄՆ զինվորականները վերադառնում են Իրաք` ԻՊ դեմ պայքարելու

ԱՄՆ պաշտպանության նախարար Էշթոն Քարթերը հայտարարել է, որ Վաշինգտոնը Իրաք է գործուղում հատուկ նշանակության ուժերի, որոնք նախատեսված են «Իսլամական պետության» դեմ պայքարելու համար:

Ամերիկյան զորքերը դուրս բերվեցին Իրաքից 2011-ին:

Ելույթ ունենալով Ներկայացուցիչների պալատի զինված ուժերի վերաբերյալ լսումներում` Քարթերը հայտնել է, որ նրանք մարտական գործողություններ կիրականացնեն իրաքյան քրդերի և Իրաքի կառավարական բանակի հետ համատեղ և պարբերաբար «միակողմանի գործողություններ«` Սիրիայի տարածքում, ինչպես նաև մտադիր են գերեվարել ԻՊ առաջնորդներին, հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:

Ավելի վաղ Իրաքի խորհրդարանը նախատեսում էր քվեարկության դնել ՌԴ ավիացիայի աջակցության համար Մոսկվային դիմելու հարցը` «Իսլամական պետության» դեմ պայքարելու նպատակով: Սակայն ԱՄՆ միավորված շտաբների հրամանատար Ջոզեֆ Դենֆորդը հայտարարեց, որ Վաշինգտոնը կարող է դադարեցնել աջակցել Իրաքին ԻՊ դեմ պայքարում, եթե երկրի տարածքում մղվող մարտերին միանա ռուսական կողմը: «Մեզ շատ դժվար կլինի ձեզ օգնություն տրամադրել, եթե Ռուսաստանը ևս մասնակցի գործողություններին», - ասել էր նա Իրաքի վարչապետ Խայդար ալ-Աբադիի հետ հանդիպման արդյունքներով:

«Մենք այնպիսի երկար ձեռքեր ունենք, ինչպես ոչ ոք: Բոլորը Սիրիայում պետք է «ականջներին օղ անեն դա»: Նրանք չգիտեն, թե ով կարող է իրենց պատուհանին մոտենալ գիշերով: Մենք ուզում ենք, որ ԻՊ բոլոր ղեկավարներն ու հետևորդները նման զգացողություն ունենան»,-ասել է Պենտագոնի ղեկավարը:

Հոկտեմբերին ԱՄՆ հատուկ նշանակության ջոկատը և Իրաքի բանակի ստորաբաժանումները ԻՊ մոտ 70 գերի ազատեցին Իրաքի հյուսիսում: Սպանվեց 1 հատուկջոկատային:

Ըստ որոշ ռազմական աղբյուրների, նախատեսվում է մոտ 500 հատուջոկատային գործուղել Իրաք, որոնք հետախուզական տվյալներ կհավաքագրեն, պատանդների կազատեն և նոր թիրախներ կբացահայտեն գործողությունների համար: Նրանց հենակետը լինելու է Իրբիլում:

Հոկտեմբերին Վաշինգտոնը հայտարարեց, որ Սիրիա կգործուղի 50 հատուկջոկատային: Հայտնի է դարձել, որ նրանք կտեղակայվեն մոտակա օրերին: Այս պահի դրությամբ Իրաքում տեղակայված է մոտ 3300 ամերիկացի զինծառայող, որից մեկ երրորդը պաշտպանում է Բաղդադում ԱՄՆ դեսպանատունը:

2014-ի ամռան սկզբին «Իսլամական պետության» զինյալները գրավեցին մի շարք բնակավայրեր Սիրիայի արևելքում և սկսեցին առաջանալ դեպի Իրաքի սահմանները: Հուլիսի վերջում նրանք հայտարարեցին Իրաքի ու Սիրիայի տարածքում խալիֆայության ստեղծման մասին: Գրոհայինները զանգվածային մահապատիժներ են իրականացնում Իրաքի բանակի զինծառայողների ու բնակիչների շրջանում գրավյալ տարածքներում: Մարտական գործողություններն ուղեկցվում են զանգվածային բնաջնջմամբ: Ըստ արևմտյան երկրների ԶԼՄ-ների, հակամարտության գոտում արդեն մոտ 10 հազար քրիստոնյա ու եզդի է սպանվել: