ՌԴ-ն, ԱՄՆ-ն և Ֆրանսիան ԵԱՀԿ ՄԽ ձևաչափն ամենաընդունելին են համարում

ՌԴ-ն, ԱՄՆ-ն և Ֆրանսիան ԵԱՀԿ ՄԽ ձևաչափն ամենաընդունելին են համարում

PanARMENIAN.Net - ԵԱՀԿ արտգործնախարարների խորհրդի նիստին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների պատվիրակությունների ղեկավարները Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցով համատեղ հայտարարություն են տարածել:

ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի, ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի, Եվրոպայի հարցերով Ֆրանսիայի պետնախարար Հարլեմ Դեսիրի համատեղ հայտարարությունը տեղադրված է ԵԱՀԿ-ի կայքում:

«Մենք աջակցում ենք Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպում անցկացնելու գաղափարին՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո: Վերջին շրջանում գրանցված սրացման ֆոնին մենք կողմերին կոչ ենք անում վերահաստատել հակամարտության խաղաղ կարգավորմանն իրենց հանձնառությունն ու ցրել թյուրըմբռնումը, թե իրենք լուրջ չեն խաղաղության հասնելու բանակցություններում։ Կողմերը պետք է շարունակեն 2014 թվականին Սոչիի, Ուելսի ու Փարիզի գագաթաժողովների ընթացքում ձեռք բերված համաձայնության տարրերի շուրջ քննարկումները ու 2016 թվականին ակտիվացնեն երկխոսությունը՝ այդ առաջարկների հիման վրա»,-հայտարարել են կողմերը, հայտնում է Tert.am-ը:

Հայտարարության մեջ նշվում է, որ այս տարի շփման գծում և Հայաստանի ու Ադրբեջանի սահմանին բռնության դեպքերի աճով պայմանավորված՝ ստատուս քվոն անկայուն է դարձել:

«Մենք հատկապես դատապարտում ենք նռնականետերի ու այլ ծանր տեխնիկայի կիրառումն ու ափսոսում ենք, որ դրանց օգտագործման հետևանքով տուժում է խաղաղ բնակչությունը: Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը ռազմական լուծում չունի, և անմեղ մարդկանց տառապանքն ու մահերը արդարացում չունեն: Մենք կողմերին խստագույնս կոչ ենք անում նվազեցնել լարվածությունն ու պաշտպանել մարդկանց կյանքը»,-ասված է հաղորդագրության մեջ, որում նաև կոչ է արվում ընդունել ԵԱՀԿ-ի հետաքննչական մեխանիզմները:

Մինսկի խմբի երկրների ներկայացուցիչների տարածած հաղորդագրության մեջ կողմերը ողջունում են Կարմիր խաչի միջազգային կազմակերպության հետ համատեղ գերիների ու անհետ կորածների հարցերում տեղեկություն փոխանակելու ոլորտում գրանցած առաջընթացը: Կոչ է արվում համաձայն 2010 թվականին Աստրախանում ստորագրված համաձայնագրի ազատ արձակել բոլոր գերիներին:

ՄԽ համանախագահ երկրների ներկայացուցիչները նշել են, թե անհրաժեշտ է, որ Հայաստանի և Ադրբեջանի ժողովուրդների միջև երկխոսություն տեղի ունենա՝ հարևանների միջև փոխվստահության ձևավորման համար:

«Անցած տարի մենք ականատես եղանք համանախագահների ու Մինսկի խմբի ձևաչափի դեմ մեղադրանքների: Եվս մեկ անգամ ցանկանում ենք ընդգծել, որ Մինսկի խումբը միակ ձևաչափն է, որն ընդունել են կողմերն ու որը ձեռք է բերել ԵԱՀԿ-ի բոլոր անդամ երկրների վստահությունը:

Խաղաղ բանակցությունների անհաջողության վերաբերյալ Մինսկի խմբի համանախագահներին ուղղված ցանկացած մեղադրանք հանդիսանում է այն հիմնական տարրը, որը խանգարում է խաղաղության գործընթացին, փորձ է թաքցնելու այն փաստը, որ Ադրբեջանն ու Հայաստանը քաղաքական կամք չեն դրսևորում՝ հակամարտության խաղաղ կարգավորման համար:

Մենք ևս մեկ անգամ հաստատում ենք, որ մեր ընդհանուր նպատակը տևական խաղաղության հաստատումն է և դր ահամար մենք պատրաստ ենք սերտորեն աշխատել կողմերի հետ»,-ասված է հայտարարության մեջ:

ՀՀ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովն արձագանքել է ԵԱՀԿ արտգործնախարարների հայտարարությանն` ասելով, որ այն ապտակ էր Ադրբեջանի իշխանությունների և նրանց վարած քաղաքականությանը:

«Այն, որ ԵԱՀԿ նախարարները հայտարարում են, որ Մինսկի խմբի ձևաչափը ղարաբաղյան հակամարտության կարգավորման միակ ձևաչափն է, դա ապտակ էր Ադրբեջանին»,- ասել է Էդուարդ Շարմազանովը Հանրապետական կուսակցության Գործադիր մարմնի նիստից հետո լրագրողների հետ զրույցում՝ հավելելով, թե հայկական կողմն ընդունել է ԵԱՀԿ միջնորդների առաջարկը, հայտնում է Tert.am-ը:

«Մենք գտնում ենք, որ միակ ընդունելի ձևաչափը բանակցություններով առաջ ընթանալն է: Թե ադրբեջանական կողմն ինչ կասի, դա արդեն Ալիևը և իր գործընկերները թող պատասխանեն: Խնդիրը չունի ռազմական լուծում»,-ընդգծեց Շարմազանովը:

Դեկտեմբերի 3-ին Բելգրադում ԵԱՀԿ ԱԳ նախարարների նիստի շրջանակում ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպում է ունեցել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովի, Ջեյմս Ուորլիքի, Պիեռ Անդրիոյ և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկի հետ:

Հանդիպման ընթացքում շարունակվել են ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացի առաջ մղման հնարավորությունների վերաբերյալ քննարկումները, հայտնում է ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը: Անդրադարձ է կատարվել ‪Հայաստանի և ‪Ադրբեջան‬ի նախագահների հանդիպման կազմակերպմանն առնչվող հարցերին: Նալբանդյանը վերահաստատել է, որ Հայաստանը շարունակելու է եռանախագահների հետ համատեղ ջանքերն՝ ուղղված ղարաբաղյան հիմնախնդրի բացառապես խաղաղ կարգավորմանը։

Բելգրադում միջնորդների հետ հանդիպել է նաև Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովը:

Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությունը

Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությունը սկսվեց 1988 թվականին: Ի պատասխան Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի (ԼՂԻՄ) բնակչության 80% կազմող հայերի խաղաղ պահանջներին, Ադրբեջանը ագրեսիա ծավալեց խաղաղ բնակչության դեմ: 1991-1994թթ. ազգային-ազատագրական պատերազմի արդյունքում հռչակվեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը: ԼՂՀ պաշտպանության բանակը նաեւ ԼՂՀ շուրջ անվտանգության գոտի ստեղծեց, որը 7 շրջաններ է ներառում: 1994թ. մայիսի 11-ին հրադադարի մասին համաձայնություն ձեռք բերվեց (Բիշկեկյան արձանագրություն): Ներկայումս հակամարտության կարգավորմամբ զբաղվում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները` Ֆրանսիան, ԱՄՆ-ն եւ Ռուսաստանը:

 Ուշագրավ
Նա նաև ասել է, որ տարածաշրջանային անվտանգությունը պետք է ապահովեն տարածաշրջանի երկրները
Նա հավելել է, որ թուրքական կողմն ավարտել է Նախիջևանի և Կարսի միջև 224 կմ երկարությամբ երկաթուղային գծի կառուցումը
Փետրվարի 1–ից ՀՀ–ն պաշտոնապես միացել է Հաագայի Միջազգային քրեական դատարանին
Փետրվարի 1-ին Միջազգային քրեական դատարանը իրավասություն է ստանալու հետաքննել Ալիևի գործողությունները
---