Ըստ Իրաքի քրդերի՝ ՌԴ-ի տարածած լուսանկարներում Թուրքիա տեղափոխվող իրենց նավթն է

Ըստ Իրաքի քրդերի՝ ՌԴ-ի տարածած լուսանկարներում Թուրքիա տեղափոխվող իրենց նավթն է

PanARMENIAN.Net - Բենզատարները և նավթը, որի մասին խոսվել է Ռուսաստանի պաշտպանության նախարարության հայտարարության մեջ, պատկանում են Իրաքի քրդերին։ Այդ մասին հայտնել է քրդական ինքնավարության խորհրդարանի նավթագազային հանձնաժողովի ղեկավար Շերկո Ջևդեթը։

Պատգամավորի խոսքով` Քուրդիստանը Թուրքիա է մատակարարում իր սեփական նավթը, ՏԱՍՍ-ին հղումով գրում է Tert.am-ը:

Ռուսաստանի ՆԳՆ-ն դեկտեմբերի 2-ին հրապարակել է լուսանկարներ ու տեսանյութեր, որոնցում արձանագրված է թուրքական նավահանգիստներում բենզատար մեքենաների կուտակում, որոնք ժամանել են իսլամիստներին ենթակա տարածքներից: RBC-ն հայտնում է, որ խոսքը մասնավորապես Թուրքիայի Դերթիյոլ և Իսանդերուն նավահանգիստների մասին է:

Լուսանկարներն արված են տիեզերական հետախուզության միջոցներով, ըստ այդմ՝ բենզատարները հատել են թուրք-սիրիական սահմանը և ապօրինի նավթով ուղղվում են Թուրքիա: Հայտնի է, որ այդ նավթի մի մասը ուղարկվել է վերամշակման Թուրքիայի սահմաններից դուրս և այժմ վաճառվում է ներքին շուկայում:

ՌԴ-ի ՆԳՆ-ի տվյալներով օրական թուրքական նավահանգիստներում բեռնաթափվում է առնվազն մեկ տանկեր նավթ:

«Տիեզերքից արված Ռուսաստանի լուսանկարները պատկերել են մեքենաներ, որոնք նավթ են տեղափոխում Քուրդիստանից Թուրքիա: Մեր բնական պաշարների նախարարությունն ավելի վաղ բազմիցս հայտարարել է, որ հարյուրավոր մեքենաներ նավթ են տեղափոխում Քուրդիստանից Թուրքիա, և դա գաղտնիք չէ»,- նշել է Ջևդեթը:

Նա ընդգծել է, որ այդ մատակարարումները կապված չեն նավթի վաճառքի հետ, որը ձեռք է բերվում «Իսլամական պետություն» խմբավորմանը ենթակա տարածքներում: Ջևդեթի խոսքով` նավթը, որն արդյունահանվում է Սիրիայում ԻՊ-ին ենթակա տարածքներում, շատ դժվար է անցկացնել Քուրդիստանի միջով և վաճառել:

Օրերս ՌԴ պաշտպանության փոխնախարար Անատոլի Անտոնովը հայտնել էր, որ երկրի պաշտպանության նախարարությունը Թուրքիային է համարում «Իսլամական պետության» նավթի հիմնական գնորդը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---