Հակառակորդը հերթական դիվերսիան է ձեռնարկել. Մեկ զոհ ունենք

Հակառակորդը հերթական դիվերսիան է ձեռնարկել. Մեկ զոհ ունենք

PanARMENIAN.Net - Դեկտեմբերի 4-ին՝ ժամը 04:30-ի սահմաններում, ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի հյուսիսարևելյան (Թալիշ) ուղղությամբ հակառակորդը ձեռնարկել է հետախուզադիվերսիոն ներթափանցման հերթական փորձը: ՊԲ առաջապահ ստորաբաժանումները ժամանակին հավաստանշել են ադրբեջանական հատուկ ջոկատայինների առաջխաղացումը և կորուստներ պատճառելով` հետ շպրտել իրենց ելման դիրքերը: Ծավալված մարտերի ընթացքում մահացու հրազենային վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող, 1995-ին ծնված Էրիկ Էդիկի Գրիգորյանը:

Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն, տեղեկացնում է ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունը:

Դեկտեմբերի 3-ին և լույս 4-ի գիշերը հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է մոտ 80 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, ինչպես նաև 60 (197 արկ), 82 (43 արկ) միլիմետրանոց ականանետերից, ՀԱՆ-17 (14 արկ), ՌԳՊ-7 (1 արկ) նռնականետերից ու TR-107 տիպի ռեակտիվ հրթիռահրետանային կայանքից (4 արկ), հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 650 կրակոց:

Այս պահի դրությամբ հակառակորդը շարունակում է տարբեր տրամաչափի ականանետային և հրթիռային զինատեսակներից խախտել հրադադարի պահպանման ռեժիմը:

ՊԲ առաջապահ զորամասերը պատժիչ գործողություններ են ձեռնարկում` հակառակորդի նախահարձակ ակտիվությունը ճնշելու համար:

Դիվերսիոն վերջին փորձը հակառակորդը ձեռնարկել էր հոկտեմբերի 10-ի գիշերը, ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի հյուսիսարևելյան հատվածում (Թալիշի ուղղությամբ): ՊԲ դիրքապահ ուժերը դիմել էին կանխարգելիչ գործողությունների և, հակառակորդին հասցնելով կորուստներ, հետ շպրտել ելման դիրքերը: Ծավալված մարտերի ընթացքում հայկական կողմը կորուստներ չէր կրել:

Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությունը

Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությունը սկսվեց 1988 թվականին: Ի պատասխան Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի (ԼՂԻՄ) բնակչության 80% կազմող հայերի խաղաղ պահանջներին, Ադրբեջանը ագրեսիա ծավալեց խաղաղ բնակչության դեմ: 1991-1994թթ. ազգային-ազատագրական պատերազմի արդյունքում հռչակվեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը: ԼՂՀ պաշտպանության բանակը նաեւ ԼՂՀ շուրջ անվտանգության գոտի ստեղծեց, որը 7 շրջաններ է ներառում: 1994թ. մայիսի 11-ին հրադադարի մասին համաձայնություն ձեռք բերվեց (Բիշկեկյան արձանագրություն): Ներկայումս հակամարտության կարգավորմամբ զբաղվում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները` Ֆրանսիան, ԱՄՆ-ն եւ Ռուսաստանը:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---