Բունդեսթագն արտոնել է Գերմանիայի մասնակցությունն ԻՊ դեմ գործողությանը Սիրիայում

Բունդեսթագն արտոնել է Գերմանիայի մասնակցությունն ԻՊ դեմ գործողությանը Սիրիայում

PanARMENIAN.Net - Գերմանիայի խորհրդարանը (Բունդեսթագը) արտոնել է գերմանացի զինծառայողների մասնակցությունը «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ գործողությանը Սիրիայում, հայտնում է ՏԱՍՍ-ը: Կողմ է քվեարկել 445 պատգամավոր, դեմ` 146, 7-ը ձեռնպահ է մնացել:

Օրինագիծը հավանությայն է արժանացել առաջին հերթին ՔԴՄ/ՔՍՄ իշխող կոալիցիայի պատգամավորների շնորհիվ: Հիմնականում դեմ է եղել ընդդիմադիր Ձախակողմյան կուսակցության խմբակցությունն ամբողջ կազմով: «Կանաչների» մեծամասնությունը նույնպես դեմ է քվեարկել:

Դեկտեմբերի 1-ին Գերմանիայի նախարարների կաբինետը հաստատեց ԳԴՀ զինված ուժերի մասնակցությունը ԻՊ դեմ պայքարին: Սիրիայում և Իրաքում գործողություններին կարող է մասնակցել 1,2 հազար զինծառայող, առաքելությունը սահմանափակված է 1 տարի ժամկետով, սակայն կարող է երկարացվել:

Բացի այդ, Բեռլինը պատրաստ է մեկ ռազմանավ տրամադրել, լիցքավորող ինքնաթիռներ և մատակարարել դաշնակիցներին արբանյակներից ստացվող հետախուզական տվյալներով:

Գերմանիայի պաշտպանության նախարար Ուրսուլա դեր Լյաենը բացառել է Սիրիայի նախագահ Բաշար Ասադի բանակի հետ գործակցության հնարավորությունը:

Ավելի վաղ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հայտարարել էր, որ պատրաստ է համակողմանի աջակցություն ցուցաբերել Փարիզին ահաբեկչության դեմ պայքարում, այդ թվում` ռազմական օգնության տեսքով:

2014-ի ամռան սկզբին «Իսլամական պետության» զինյալները գրավեցին մի շարք բնակավայրեր Սիրիայի արևելքում և սկսեցին առաջանալ դեպի Իրաքի սահմանները: Հուլիսի վերջում նրանք հայտարարեցին Իրաքի ու Սիրիայի տարածքում խալիֆայության ստեղծման մասին: Գրոհայինները զանգվածային մահապատիժներ են իրականացնում Իրաքի բանակի զինծառայողների ու բնակիչների շրջանում գրավյալ տարածքներում: Մարտական գործողություններն ուղեկցվում են զանգվածային բնաջնջմամբ: Ըստ արևմտյան երկրների ԶԼՄ-ների, հակամարտության գոտում արդեն մոտ 10 հազար քրիստոնյա ու եզդի է սպանվել:

2015-ի սեպտեմբերի 30-ից Ռուսաստանը Սիրիայի նախագահ Բաշար Ասադի խնդրանքով կետային ավիահարվածներ է հասցնում ԻՊ գրոհայինների դիրքերին Սիրիայում` Սու-25 կործանիչների, ինչպես նաև ՍՈւ-24Մ և ՍՈւ-34-ի կիրառմամբ: Ըստ ՌԴ ՊՆ, ռուսական ավիացիան արդեն զգալի վնաս է հասցրել գրոհայինների կառավարման համակարգին և նյութատեխնիկական ապահովմանը, ինչպես նաև մահապարտ ահաբեկիչների պատրաստման ենթակառուցվածքներին:

 Ուշագրավ
Այդ են վկայում The Lancet Infectouse Diseases և The Lancet Public Health հանդեսներում հրապարակված հետազտությունների արդյունքները
«Հուսով եմ, որ պատվաստանյութը կգործի ոչ թե 1-2 տարի, այլ ցմահ»,-ասել է Գինցբուրը
Բիստը նշել է, որ երկու շաբաթ առաջ նոր համաձայնագիր է կնքվել
---