«Ռոբոտների կորպորացիան» և Ամերիաբանկը Երևանում կհավաքեն աշխարհի լավագույն ռոբոտներին

«Ռոբոտների կորպորացիան» և Ամերիաբանկը Երևանում կհավաքեն աշխարհի լավագույն ռոբոտներին

PanARMENIAN.Net - Առաջին անգամ տարածաշրջանում տեղի կունենա յուրահատուկ ցուցահանդես` աշխարհի ամենահայտնի ռոբոտների մասնակցությամբ: «Ռոբոտների շքերթ» անվանումը կրող նախագիծը Երևանում ներկայացնում է «Ռոբոտների կորպորացիա» ռուսական ընկերությունը` Ամերիաբանկի անմիջական նախաձեռնությամբ:

«Ռոբոտների շքերթ»-ն առաջին անգամ տեղի է ունեցել Մոսկվայում, 2014-ին, և դարձել ամենահաջողված ցուցահանդեսային նախագիծը Ռուսաստանում: Այնուհետև ցուցահանդեսը հյուրընկալվել է Սոչիում, Կրասնոդարում, Սանկտ-Պետերբուրգում, Մինսկում և Եկատերինբուրգում` ունենալով գլխապտույտ հաջողություն:

Եվ ահա առաջին անգամ այս ցուցահանդեսը կհյուրընկալվի Երևանում՝դեկտեմբերի 9-ից մինչև 2016-ի հունվարի 10-ը (հանգստյան օրեր` դեկտեմբերի 31, հունվարի 1): Ցուցահանդեսն անցկացվելու է «Երևան Մոլ» առևտրի և զվարճանքի կենտրոնում: Երեխաների համար նախատեսված են հատուկ սակագներով տոմսեր՝ 2200 դրամ աշխատանքային օրերին և 3300 դրամ ոչ աշխատանքային օրերին, իսկ մեծահասակների տոմսերը համապատասխանաբար կլինեն 2900 և 3900 դրամ: Կլինի նաև հատուկ սակագնային փաթեթ դպրոցական կոլեկտիվ այցերի համար:

Երևանում կազմակերպվող ցուցահանդեսը հնարավորություն կընձեռի ծանոթանալ ճարտարագիտական մտքի նորույթներին աշխարհի ամենատարբեր ծայրերից բերված ռոբոտների միջոցով: Կներկայացվեն ռոբոտներ, որոնք լիովին արտացոլում են ռոբոտատեխնիկայի զարգացման վերջին միտումները, արհեստական ինտելեկտը և ռոբոտների ուսուցման համակարգերը: Նախագծի կարևորագույն խնդիրներից է ուսուցումը, ուստի և դրան հատուկ ուշադրություն է դարձվում նախագծի բոլոր մակարդակներում` մասնակից ռոբոտների ընտրության, ուղեկցվող միջոցառումների, էքսկուրսիաների և այլ հարցերում: Այցելուները հնարավորություն կունենան անձամբ ծանոթանալ յուրաքանչյուր ռոբոտի հետ, նրանց հետ շփվել, խաղալ, զվարճանալ, լուսանկարվել:

Ցուցահանդեսում կներկայացվեն տարբեր երկրների ավելի քան 20 ինտերակտիվ ռոբոտ և հայկական ռոբոտատեխնիկայի լավագույն նմուշները:

Ցուցահանդեսի ծրագիրը ներառում է պարող ռոբոտների շոու, կվադրո-կոպտերների գոտի, ռոբոտների լաբորատորիա, Lego ուղեղների գրոհ/ռոբոտների կառուցում, ռոբոտների ծրագրավորում, ռոբոշուկա:

Ռոբոտների շարքում է անգլիական մարդանման Տեսպիան հանրահայտ ռոբոտը, որն աշխարհում ամենաժամանակակից և էմոցիոնալ ռոբոտներից մեկն է: Ռոբոտը կարողանում է ոչ միայն շփվել մարդկանց հետ, ընդօրինակել շարժումները, երգել, պարել, ծիծաղել, լաց լինել, անգամ կարդալ Շեքսպիր, որի շնորհիվ շատ անգամ մասնակցել է ժամանակակից թատերական ներկայացումներին: Նա նույնիսկ 2014-ին CelBit ցուցահանդեսի հանդիսավոր արարողության բացմանը հանդես է եկել Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի և Մեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնի հետ:

Երևանում կհյուրընկալվի նաև Պարո ճապոնական ռոբոտը, որը թույլ է տալիս հիվանդանոցներում և ծերանոցներում կենդանիների օգնությամբ կիրառել թերապիայի առավելությունները` ի օգուտ մարդկանց, ամերիկյան Բակսթեր ռոբոտը, որը կարողանում է կատարել պարզ արդյունաբերական առաջադրանքներ, ուկրաինական մատուցող ռոբոտ Յոշան, Հարավային Կորեայից Ռոբոֆուտբոլը և մի շարք այլ հետաքրիր ու տարբեր ֆունկցիոնալ հնարավորություններով ռոբոտներ:

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի
---