Ֆինանսների նախարար. Խստացնելու ենք վերահսկողությունը հարկային դաշտում

Ֆինանսների նախարար. Խստացնելու ենք վերահսկողությունը հարկային դաշտում

PanARMENIAN.Net - Հարկային օրենսգրքում մշակվող փոփոխություններով փորձելու ենք կարգավորել դաշտը՝ երկարատև կայունություն ստեղծել գործարարների համար, նպաստել տնտեսության աշխուժացմանը: Այս մասին ասել է ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրկանը:

Ըստ Խաչատրյանի, արդեն իսկ բազմաթիվ արտոնություններ են տրվել փոքր ու միջին բիզնեսին՝ փաստաթղթերով աշխատողների շրջանառության հարկն են նվազեցրել: Սակայն կասկածներ ունեն, որ խոշոր գործարարներն են օգտվում փոքրերի համար նախատեսված արտոնություններից, ուստի խստացնելու են վերահսկողությունը: «Շրջանառության հարկի դաշտում բազմաթիվ տնտեսվարողներ փորձում են գրավել այն տեղը, որը իրենցը չի՝ թաքցնելով շրջանառության ծավալները: Այդտեղ մենք կոշտ վարչարարություն ենք իրականացնելու, որպեսզի պաշտպանենք այն փոքր ու միջին ձեռնարկատերերին, որոնք ազնիվ են աշխատում», - ասել է նախարարը, հաղորդում է«Ազատություն» ռադիոկայանը:

Փոքր և միջին ձեռնարկատերերի ասոցիացիայի փոխնախագահ Սամսոն Գրիգորյանը, սակայն, գտնում է, որ Հայաստանում գործարարների տեղերը «վաղուց որոշված են»․ - «Որոշված է՝ ով է ստվերի տակ լինելու, ով է պարզ աշխատելու: Մանր բիզնեսը միշտ էլ աշխատել է բաց, պարզ»:

Փոքր ու միջին գործարարները, Գրիգորյանի փոխանցմամբ, մտավախություն ունեն, որ կառավարության հերթական նախաձեռնությունը իրավիճակը լավացնելու փոխարեն դարձյալ վատթարացնելու է արդեն իսկ բարդ վիճակը: Նա համոզված է, որ ստվերում թաքնվող խոշոր գործարարներին կարելի է շատ ավելի հեշտ հայտնաբերել: «Կարելի է ուղղակի մաքսային սահմանին հետևել ինչ է կատարվում, ինչ է ներկրվում: Շատ հեշտ, շատ քիչ ռեսուրսներ ծախսելով կարելի է հայտնաբերել խոշորներին, առանձնացնել մանրերից և պարզել, թե որտեղ է ստվերը գտնվում», - ասել է նա:

Գործարարի խոսքով՝ կառավարության տրամադրած «հարկային արտոնությունից» շատերը չեն կարողանում օգտվել․ այն տրվում է միայն ապրանքների ձեռքբերման փաստաթղթեր ներկայացնողներին:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---