Թուրք զինվորականները մտել են Իրաք. Բաղդադը դա ներխուժում է համարում

Թուրք զինվորականները մտել են Իրաք. Բաղդադը դա ներխուժում է համարում

PanARMENIAN.Net - Բաղդադը ինքնիշխանության խախտում է գնահատում թուրք զինվորականների մուտքը Իրաքի տարածք և պահանջում է Անկարայից անհապաղ դուրս բերել նրանց, հայտնել է Իրաքի վարչապետի մամուլի ծառայությունը:

Ավելի վաղ ԶԼՄ-ները հայտնել էին, որ թուրքական իշխանությունները 130 զինվորական են գործուղել Մոսուլի շրջան` վարժեցնելու համար իրաքցի քրդերի մարտիկներին:

«Թուրքիայի զինված ուժերը, որոնք տեղակայված էին Մոսուլի հարևանությամբ, ներխուժել են երկիր առանց համաձայնեցման և պետք է անհապաղ դուրս բերվեն»,-ասվում է հայտարարության մեջ:

Ըստ Reuters գործակալության, Իրաքի ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել բոլոր հեռուստաալիքներով, որտեղ ասվում է, որ թուրքական զինվորականների մուտքը երկիր «ներխուժում է» և որ ցանկացած ռազմական գործողություն, որը համաձայնեցված չէ Բաղդադի կառավարության հետ, չի կարող անցկացվել, հայտնում է ՌԻԱ Նովոստին:

Ավելի ուշ Reuters գործակալությունը ԱՄՆ ՊՆ-ում սեփական աղբյուրների վրա հղումով հայտարարեց, որ Թուրքիայի նախաձեռնությունը կապ չունի ԱՄՆ գլխավորած կոալիցիայի գործողությունների հետ, սակայն կոալիցիան զգուշացվել էր այն մասին, որ Թուրքիան զինուժ է ուղարկում այդ տարածք:

Ավելի վաղ ԱՄՆ պաշտպանության նախարար Էշթոն Քարթերը հայտարարել էր, որ Վաշինգտոնը Իրաք է գործուղում հատուկ նշանակության ուժերի, որոնք նախատեսված են «Իսլամական պետության» դեմ պայքարելու համար: Ելույթ ունենալով Ներկայացուցիչների պալատի զինված ուժերի վերաբերյալ լսումներում` Քարթերը հայտնել է, որ նրանք մարտական գործողություններ կիրականացնեն իրաքյան քրդերի և Իրաքի կառավարական բանակի հետ համատեղ և պարբերաբար «միակողմանի գործողություններ«` Սիրիայի տարածքում, ինչպես նաև մտադիր են գերեվարել ԻՊ առաջնորդներին, հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:

Ավելի վաղ Իրաքի խորհրդարանը նախատեսում էր քվեարկության դնել ՌԴ ավիացիայի աջակցության համար Մոսկվային դիմելու հարցը` «Իսլամական պետության» դեմ պայքարելու նպատակով: Սակայն ԱՄՆ միավորված շտաբների հրամանատար Ջոզեֆ Դենֆորդը հայտարարեց, որ Վաշինգտոնը կարող է դադարեցնել աջակցել Իրաքին ԻՊ դեմ պայքարում, եթե երկրի տարածքում մղվող մարտերին միանա ռուսական կողմը: «Մեզ շատ դժվար կլինի ձեզ օգնություն տրամադրել, եթե Ռուսաստանը ևս մասնակցի գործողություններին», - ասել էր նա Իրաքի վարչապետ Խայդար ալ-Աբադիի հետ հանդիպման արդյունքներով:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---